Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է որոշել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում ծնված 23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի մարտին։
«Հիմա էլ երկրպագում եմ Ռուսաստանի հավաքականին, դիտում խաղերը։ Մանկության տարիներին երազում էի խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Դա նորմալ է, քանի որ ես մեծացել եմ այդ երկրում։ Շնորհակալ եմ ակումբին, որ դաստիարակել է ինձ։ Սակայն հետո ամեն բան փոխվեց։ Ինձ ոչ ոք չէր սպասում Ռուսաստանի հավաքականում և ոչ ոք չկանչեց։ Ինքս եմ կայացրել որոշում։ Ինձ հարցնում են՝ արդյոք չեմ զղջում։ Ընդհանրապես չեմ ղզջում։ Ես խաղում եմ իմ պատմական հայրենիքի համար»,- Նոբել Առուստամյանի հետ զրույցում ասել է Էդուարդ Սպերցյանը։
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է, հիմնական թիմում խաղում է 2021 թվականից։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը մասնակցել է 8 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։