«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է «Ակրոնի» նկատմամբ հաղթանակը Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչի առաջին փուլում:
«Դժվար խաղ էր, պատկերացնում էինք, որ այդպես է լինելու։ Ոչ ոք չէր մտածում, որ մենք դուրս կգանք խաղադաշտ ու հանգիստ կհաղթենք «Ակրոնին»։ Եվ այդպես էլ եղավ։
Նրանք լավ էին գործում պաշտպանությունում: «Ակրոնն» այլ կերպ խաղաց, դիմում էր պրեսինգի։ Սպասվում էր, որ մրցակիցը խորը պաշտպանությամբ կխաղա։ Հիմա բոլոր մտքերը հաջորդ խաղի մասին են, այն կլինի շատ շուտով»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով: «Կրասնոդարը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր 4-2 հաշվով, առաջին 11-մետրանոցը դիպուկ էր իրացրել Սպերցյանը:
«Կրասնոդարը» եզրափակիչի երկրորդ փուլում մայիսի 17-ին կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, այս զույգի հաղթող գավաթը կվիճարկի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: