«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական ակումբում ամբողջ կարիերան անցկացնելու երազանքի մասին։
«Մանկության տարիներին, իհարկե, դիտել եմ Չեմպիոնների լիգա, աշխարհի առաջնություն, երազել եմ դրա մասին: Երբ եկա «Կրասնոդարի» ակադեմիա, մի երազանք ունեցա:
Երազանքն ամբողջ կարիերաս այստեղ անցկացնելն է: Ինչպես, օրինակ, Տոտին արեց «Ռոմայում»: Ես տեսա, թե ինչպես են նրանք հավատում ինձ, և ես ինքս հավատում էի, որ դա հնարավոր է։ Հետո կտեսնենք, թե ինչպես կլինի:
Այժմ իրավիճակն այնպիսին է, որ եվրագավաթներին չենք մասնակցում։ Բայց, իհարկե, ես ցանկանում եմ խաղալ այնտեղ։ Այս պահին ոչ մի տեղ չեմ գնա, իսկ ընդհանրապես, սկզբունքորեն, չեմ պատրաստվում հեռանալ «Կրասնոդարից»։ Բայց կարող է լինել մի պահ, երբ եվրոպական մրցաշարերում խաղալու, թոփ-ակումբներում ելույթ ունենալու մանկության երազանքս իրականանա»,- հայտնել է 22-ամյա ֆուտբոլիստը «Коммент.Шоу» հաղորդման եթերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, ռուսական ակումբի գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: