Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները նույն արդյունքը ցույց տվեցին` երկուական ոսկե ու մեկական բրոնզե մեդալ: Արդյունքի տեսանկյունից, իհարկե, գերազանց է, բայց Ռումինիայի մայրաքաղաքում եղան նաև հիասթափություններ ու տհաճ անակնկալներ, որոնց մասին մարզիչներն ու ըմբիշները դեռ պետք է հետևություններ անեն:
VNews-ն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը՝ առանձնացնելով ուշագրավ իրադարձությունները։
Հունահռոմեական ոճ
Չեմպիոնների կայունությունը
Օլիմպիական ուղեգիր ունեցող Մալխաս Ամոյանից (77 կգ) ու Արթուր Ալեքսանյանից (97 կգ) ակնկալիքները, իհարկե, միայն չեմպիոնական էին, և նրանք արդարացրին սպասելիքները: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ անցավ: Ամոյանը խնդիրներ ունեցավ քառորդ եզրափակիչում, երբ չկարողացավ գլորել ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևին, և երկրորդ մրցափուլում պարտվում էր 1-2 հաշվով ու դեռ ստիպված էր պաշտպանվել պարտերում: Լավ է, որ Մալխասը ելք գտավ իրավիճակից, պարտերում պաշտպանվելով օգտվեց մրցակցի սխալից, ու ինքը հնարք կատարեց: Խնդիրներ եղան նաև կիսաեզրափակիչում, երբ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն լուրջ դիմադրություն ցույց տվեց: Տպավորություն էր, որ երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Ամոյանը քայլում էր բարակ լարի վրայով, ինչպես աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ պարտություն կրեց: Իհարկե, 25-ամյա Ամոյանը հաճախ է ելքեր գտնում դժվարին իրավիճակներում, բայց շատ ավելի հանգիստ է լինում, երբ ամեն ինչ ավելի դյուրին է ստացվում: Կար նաև ուրախացնող հանգամանք` պաշտպանությունը պարտերում, որը գրեթե իդեալական էր:

Ինչ վերաբերում է 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանին, ապա նա ավելի հանգիստ առաջնություն անցկացրեց: Վիզա չստանալու պատճառով առաջնությունը բաց թողեցին Ռուսաստանի առաջին երկու համարները` Արթուր Սարգսյանն ու Մուսա Եվլոևը, սակայն երրորդ համար Մագոմեդ Մուրթազալիևը ևս լավ դիմադրություն ցույց տվեց եզրափակիչում, բայց կարգերի տարբերությունը զգացվում էր: Էլ ավելի կարևոր էր կիսաեզրափակիչում բելառուս Աբուբակար Խասլախանովի նկատմամբ վստահ հաղթանակը 5-1 հաշվով: Խասլախանովն այս քաշային կարգի ապագա աստղերից է կուբացի Կինդելանի ու ռուսաստանցի Սարգսյանի հետ միասին, և օլիմպիական չեմպիոնի հաղթանակն ապացույց էր, որ «Ճերմակ արջը» դեռ կարող է կանգնեցնել այդ երիտասարդներին:

Հաճելի անակնկալ
Միգուցե մարզչական կազմի համար 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի ելույթն օրինաչափ էր, սակայն լայն շրջանակների համար նա հայտնություն դարձավ: Նրա վստահ հաղթանակը Եվրոպայի չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունի նկատմամբ տպավորիչ էր: Փորձի պակասը մի փոքր խանգարեց կիսաեզրափակիչում, այլապես Խաչատրյանը կարող էր նույնիսկ ոսկե մեդալով վերադառնալ, սակայն երրորդ տեղն էլ 19-ամյա ըմբիշի համար փայլուն արդյունք է:

Մրցավարական հարցեր
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանի գոտեմարտը ռումինացի Ռազվան Արնաուտի հետ առնվազն տարօրինակ էր մրցավարական տեսանկյունից: Հավասար գոտեմարտում Ղարիբյանին երկու անգամ զգուշացրին պասիվության համար, մինչդեռ ռումինացին գոտեմարտի վերջին րոպեին ակնհայտ խուսափում էր մարտից, բայց զգուշացվեց միայն մեկ անգամ:
Կողմնակալություն կար նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ քառորդ եզրափակիչի գոտեմարտում Ռուսլան Բիչուրինի հետ, սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ ռուս ըմբիշն ավելի վստահ տեսք ուներ: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի` Գալստյանին խանգարեց նաև վնասվածքի գործոնը:
Տհաճ անակնկալներ կամ առանց լուրջ առաջընթացի
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանից սպասելիքներն ավելի շատ էին, բայց նա պարտվեց հենց առաջին գոտեմարտում միջին կարգի ըմբիշի: 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը գլխից վեր չցատկեց, չկարողացավ դիմադրել Եվրոպայի 12-ակի չեմպիոն Ռիզա Քայալփին, բայց նաև բաց թողեց մեդալ նվաճելու լավ շանսը՝ սփոփիչ գոտեմարտում պարտվելով նորվեգացի Օսկար Մարվիկին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանին բարդ վիճակահանություն էր բաժին հասել, նա պարտվեց 2021թ․ աշխարհի փոխչեմպիոն, բելառուս Կիրիլ Մասկևիչին: Թադևոսյանը Հայաստանի չեմպիոնն է ու, ամենայն հավանականությամբ, հենց նա կմեկնի վարկանիշային մրցաշարի, սակայն այս քաշային կարգում կան նաև ուժեղ երիտասարդներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի փոխարինել հավաքականի առաջին համարին:
Երիտասարդների նորամուտը
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանն ու 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը նորամուտը նշեցին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում` առանց լուրջ հաջողության: Հանուն արդարության, նրանց դիմակայում էին բավականին լուրջ ըմբիշներ:
Ազատ ոճ
Հարությունյանի սպասելի չեմպիոնությունն ու Անդրեասյանի ճեղքումը
Եվրոպայի քառակի չեմպիոն դարձած Արսեն Հարությունյանից (57 կգ) միայն չեմպիոնական ակնկալիքներ էին, հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Եվրոպայում իր հիմնական մրցակիցը՝ գործող օլիմպիական չեմպիոն, ռուս Զաուր Ուգուևը, չի ստացել Ռումինիայի վիզա: Հարությունյանը ցունամիի պես անցավ իր մրցակիցների վրայով` ևս մեկ անգամ ցույց տալով, որ նա Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից է: Կարևոր էր նաև, որ 24-ամյա ըմբիշն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ օլիմպիական 57 կգ քաշային կարգում։ Նախորդ 3 տիտղոսները Հարությունյանը նվաճել էր 61 կգ քաշային կարգում։

70 կգ քաշային Արման Անդրեասյանի չեմպիոնությունն էլ անակնկալ չէր՝ հատկապես նրանց համար, ովքեր վաղուց հետևում են նրա կարիերային: 24-ամյա ըմբիշը միշտ մոտ է եղել մեծ հաղթանակի, և Բուխարեստում վերջապես ամեն ինչ ստացվեց: Տպավորիչ էին Անդրեասյանի կամային որակները: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը նա հաղթեց բառացիորեն վերջին վայրկյաններին` չորս միավորանոց հնարքներով: Իսկ այն, որ կիսաեզրափակիչում Անդրեասյանը ծնկի բերեց 65 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Իսմայել Մուսուկաևին, էլ ավելի է արժևորում նրա հաղթանակը:
Հաճելի բոնուս
61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանից սխրանքներ չէին սպասում, բայց նրա ելույթն ու բրոնզե մեդալը հաճելի բոնուս էր Հարությունյանի ու Անդրեասյանի ոսկիներին: Մեժլումյանը միշտ էլ լավ ելույթներ է ունեցել երիտասարդական մրցումներում, և այժմ լավ նորամուտ ունեցավ մեծահասակների ասպարեզում:

Տհաճ անակնկալ
Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում մրցավայր մեկնած Վազգեն Թևանյանի (65 կգ) պարտությունը ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովից անակնկալ չի կարելի համարել, թեև հայ ըմբիշն ակնհայտորեն պատրաստ է հաղթել օլիմպիական բրոնզե մեդալակրին: Ցավոք, վայրկենական թուլությունը չար կատակ խաղաց հայ ըմբիշի հետ, նա չորս միավոր բաց թողեց, ու թեև հետո ամեն ինչ արեց դրանք հետ բերելու համար, սակայն մի փոքր չհերիքեց: Միգուցե մրցավարներն էլ կարող էին ավելի շուտ նկատել Ռաշիդովի պասիվությունը գոտեմարտի վերջում, բայց դա արդեն էական չէ: Էականն այն է, որ եթե Տոկիոյի Օլիմպիական խաղերում Թևանյանը նույն Ռաշիդովին պարտվեց գրեթե առանց շանսի, ապա այժմ նա շատ մոտ էր հաղթանակին, ու Փարիզում այս փորձառությունը կարող է շատ կարևոր լինել: Բայց խոշոր անակնկալ էր Վազգենի պարտությունը սփոփիչ գոտեմարտում: Գերմանիան ներկայացնող Անդրե Քլարկին վստահ հաղթելու փորձ Թևանյանն ունի, ու 2-3 հաշվով պարտությունը Եվրոպայում անսպասելի էր: Միգուցե իր դերն ունեցավ նախորդ օրվա ցավալի պարտությունը Ռաշիդովից, ու Վազգենի մոտ մոտիվացիայի պակաս կար, բայց դա արդարացում չէ: Իհարկե, Քլարկը բարձրակարգ ըմբիշ է՝ ամերիկյան ըմբշամարտի դպրոցի սան, ու նրան թերագնահատել պետք չէ, բայց Թևանյանը պետք է լուրջ հետևություններ անի այս պարտությունից: Ժամանակին Թևանյանը, Հարությունյանն ու Անդրեասյանը միաժամանակ դարձել էին պատանիների Եվրոպայի չեմպիոններ, ու շատ գեղեցիկ կլիներ, եթե պատմությունը կրկնվեր մեծահասակների ասպարեզում, առավել ևս, որ Վազգենն էլ պատրաստ էր չեմպիոնությանը, բայց դա, միգուցե, հաջորդ անգամ:
Արդեն փորձառու երիտասարդները
Առհասարակ, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շատ երիտասարդ կազմ ունի, և շատ ըմբիշների համար ամեն ինչ առջևում է, բայց նրանցից 79 կգ քաշային Արման Ավագյանն արդեն դարձել է հավաքականի հնաբնակներից մեկը, իսկ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանն արդեն մի քանի խոշոր մրցաշարերի մասնակցել են: Այդ տեսանկյունից նրանց մոտ առաջընթացի բացակայությունը մտահոգիչ է: Ավագյանը երկու լարված գոտեմարտ անցկացրեց Ռումինիայում, մեկը հաղթեց, իսկ մյուսում պարտվեց փորձառու Ավթանդիլ Կենչաձեին Վրաստանից: Մկչտչյանի ու Սարգսյանի մրցակիցներն էլ փորձառու ըմբիշներ էին: Մնում է հուսալ, որ փորձի հետ միասին հայ երիտասարդների արդյունքներն էլ կբարելավվեն:
Նորամուտ` առանց անակնկալների
74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 92 կգ քաշային Կնյազ Իբոյանն ու 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը նորամուտը նշեցին մեծահասակների ասպարեզում: Նրանցից առավել հաջող էր Պապիկյանի ելույթը, որը մեկ հաղթանակ տարավ, հետո արժանի դիմադրություն ցույց տվեց ապագա չեմպիոն Թայմուրազ Սալկազանովին ու զիջեց 1-2 հաշվով: Բայց սփոփիչ գոտեմարտում Պապիկյանն արդեն առանց հնարավորությունների պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Մոհամադ Մոտագինիային: Կնյազ Իբոյանը ևս մեկ հաղթանակ տարավ, իսկ հետո պարտություն կրեց քաշային կարգի ֆավորիտներից մեկին` ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանովից: Լյովա Գևորգյանը հենց մեկնարկում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող վրացի Գիորգի Մեշվիդիշվիլիին, որը նույնպես շատ փորձառու ըմբիշ է: Սպասելիքներն այս ըմբիշներից մեծ են, և պետք է հուսալ, որ մեծահասակների հավաքականում նրանք կկարողանան առաջընթաց գրանցել: Լյովա Գևորգյանի պարագայում պետք է հիշել նաև, որ նա մեկ տարուց շատ կորցրեց ուսի ծանր վնասվածքի պատճառով, և ակնհայտ է, որ դեռ նախկին մարզավիճակին չի վերադարձել:


