Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Շեֆիլդ Յունայթեդը» և «Շեֆիլդ Ուենսդեյը» կարող են միավորվել, հայտնում է Sky Sports-ը։
«Շեֆիլդ Յունայթեդի» ղեկավարներն այդ հարցով դիմել են «Շեֆիլդ Ուենսդեյին»։ «Յունայթեդը» նպատակ ունի միավորելու ակումբները` ավելի մրցունակ թիմ ունենալու համար։
Այդուհանդերձ, Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL), մեծ հավանականությամբ, թույլ չի տա նման միավորումը։
«Շեֆիլդ Ուենսդեյն» այժմ արտաքին կառավարման ներքո է և վերջն շրջանում ակումբի բաժնեմասի գնման համար ստացել է մոտ 80 դիմում։
«Ուենսդեյի» գլխավոր բաժնետեր դառնալու հավակնորդների թվում է «Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայք Էշլին։ Ակումբը ցանկանում է նաև գնել Ջոն Մաքևոյը, որին պատկանում են Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Նեշվիլ» և բեյսբոլի «Կոլորադո» թիմերը։
«Շեֆիլդ Յունայթեդը» Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում 13 միավոր է վաստակել և 22-րդ տեղում է, «Շեֆիլդ Ուենսդեյը»` -4 միավորով վերջին` 24-րդ։
EFL-ը հոկտեմբերին ֆինանսական խնդիրների պատճառով «Ուենսդեյից» հանել է 12 միավոր։


