«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հայտնել է ակումբից հեռանալու իր ցանկությունը, հայտնի չէ, թե որտեղ է շարունակելու իր մարզական կարիերան:
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Ռոնալդուի գործակալը մի քանի օր է՝ բանակցում է «Սիթիի» հետ, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Պեպ Գվարդիոլայի թիմը ոչ միայն չի համաձայնեցրել անհատական պայմանագրի կետերը Կրիշտիանուի հետ, այլև տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի կատարել թուրինյան կողմին:
Րոպեներ առաջ Ֆաբրիցիո Ռոմանոն ևս մեկ տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ «Սիթին» որոշել է դուրս գալ Կրիշտիանուի տրանսֆերային պայքարից:
Հեղինակավոր ինսայդերը պնդում է, որ Ռոնալդուի գործակալն այժմ բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը լուրջ է տրամադրված Կրիշտիանուի հետ համաձայնության գալու հարցում: Առաջիկա ժամերին մանկունիական ակումբը պաշտոնական առաջարկ կկատարի:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին:
Իտալական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ Ռոնալդուն քիչ առաջ ինքնաթիռով հեռացել է Թուրինից:

