Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության առաջին խաղից սպասելիքների մասին:
««Աթլետիկոն» հիանալի թիմ է: Նրանք արդեն մի քանի տարի բարձր մակարդակով են խաղում։ Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը՝ Չեմպիոնների լիգայում ճանապարհը շարունակելու համար։ Դժվար է կանխատեսել, թե «Աթլետիկոն» ինչպես կխաղա, քանի որ այս թիմը շատ է փոխվել: Նրանք հիանալի մտածողություն ունեն և լավ ֆուտբոլ են ցուցադրում:
Շատ ուրախ կլինեմ վաղը կրկին տեսնել Սիմեոնեին։ Ես միշտ գիտեի, որ նա հիանալի մարզիչ կդառնա: Մենք միշտ կապի մեջ ենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football-Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Աթլետիկո» խաղը տեղի կունենա փետրվարի 20-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կլինի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:


