Logo

Սիմոնե Ինձագի. Իտալիայի նոր արքան

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
16:48 / 25.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Իտալական մարզչական արդյունաբերությունը լավագույնն է աշխարհում: Չկա ժամանակաշրջան, երբ իտալացի մասնագետները պահանջված չլինեն, բայց վերջին շրջանում քիչ են կամ դեռ երկնակամարում չեն երևում ապագա աստղերը:

Սիմոնե Ինձագին յուրահատուկ երևույթ է: Նա նոր սերնդի առաջին զորավարն է, որը կարողացավ նվաճել Իտալիան:

Սիմոնե ֆուտբոլիստին իտալացի երկրպագուները կարող են հիշել միայն «Մարսելի» հետ Չեմպիոնների լիգայում ձևակերպած պոկերով (տեսանյութ): Տիֆոզերիան Ինձագի ազգանունով միայն մեկ ֆուտբոլիստ էր լրջորեն ճանաչում՝ Սիմոնեի ավագ եղբորը: Ֆիլիպոյի կարիերան ավելի շքեղ ստացվեց, չնայած կրտսեր եղբայրն էլ 2000-ին գլխավերևում պահեց Սկուդետոն:

Սիմոնեն և չիլիացի Մարսելո Սալասն այդ ժամանակվա «Լացիոյի» գլխավոր հարվածային ուժն էին: Պատահական չէր, որ «Լացիոն» իր հիմնադրման 100-ամյակի առթիվ նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Ինձագին ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց՝ խփելով 19 գոլ: Սակայն հետո նուրբ արտաքինով տղայի կարիերան անկում ապրեց. շարունակ վարձավճարներ, հետո վերադարձ հռոմեական ճամբար, իսկ 2010-ին հարձակվողն ավարտեց կարիերան:

«Հավերժ քաղաքից» Պիպոյի եղբարը չհեռացավ, աշխատեց ակումբի երիտասարդական թիմերի հետ, իսկ 6 տարի անց նրան վստահեցին «Բյանկոչելեստիի» գլխավոր թիմը:

Այստեղ պատմությունն այլ ընթացք է ստանում, եղբայրները փոխվում են դերերով՝ Ֆիլիպոն մարզչական գործում չհաջողեց, իսկ Սիմոնեն ավելի տաղանդավոր գտնվեց:

Երիտասարդ ալենատորեն փոխեց «Լացիոյի» խաղը: Հռոմեացիները վառ, հարձակողական ֆուտբոլ էին դավանում, հատկապես ֆիրմային էր «Արծիվների» բարձր պրեսինգը: Նոր մարտավարությունը շուտով տվեց իր պտուղները: «Լացիոն» մրցունակ դարձավ Ա սերիայում, իսկ կարճ ժամանակ անց նվաճեց Իտալիայի գավաթն ու երկու անգամ էլ տիրացավ սուպերգավաթին: Սիմոնեն և ակումբը հավերժ սեր էին խոստանում միմյանց: Նախագահ Կլաուդիո Լոտիտոն էլ 2021-ին նոր պայմանագիր էր պատրաստել: Այդ ընթացքում նորընծա չեմպիոն «Ինտերի» ղեկավարությունը շոկ էր ապրում: Անտոնիո Կոնտեն, որը 11 տարվա ընդմիջումից հետո միլանյան գրանդին վերադարձրել էր թագը, տրանսֆերային քաղաքականության և ֆինանսական խնդիրների պատճառով հեռացել էր ակումբից:

Գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան այդ պահին երկու թեկնածու ուներ՝ Մասիմիլիանո Ալեգրի և Սիմոնե Ինձագի: Ճիշտ է, Սիմոնեն դիտարկվում էր որպես պահեստային տարբերակ, բայց ֆինանսական ճգնաժամը «Ներաձուրիի» ղեկավարներին թույլ չտվեց ստորագրել Մաքսին, չնայած Ալեգրին էլ մեծ ցանկություն չուներ, նա մերժել էր Մադրիդի «Ռեալին» հանուն «Յուվենտուսի», ավելի ճիշտ՝ հանուն ընտանիքի, որն ապրում էր Թուրինում:

Ինձագին Լոտիտոյից ժամանակ էր խնդրել նոր պայմանագրի շուրջ մտածելու համար, բայց մեկ գիշերվա ընթացքում փոխում է որոշումը և ընդունում է միլանյան ակումբի առաջարկը: Պատճառը երկու անգամ բարձր աշխատավարձը չէր, Սիմոնեն շատ էր ցանկանում նվաճել Սկուդետոն. վիճակը նետված էր, նա անցել էր Ռուբիկոնը:

Նոր մարզիչը հեղափոխություն չարեց: Նա երիտասարդ էր, բայց համբերատար: Ինձագին ստրատեգիական իր ծրագիրն էր մշակել: Նա միանգամից չփոխեց Կոնտեի խաղային փիլիսոփայությունը և առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը: Հաջորդ մրցաշրջանում երկրպագուները տեսան արդեն Սիմոնեի «Ինտերին»:

«Ներաձուրին» խաղում էր բարձր պրեսինգով, երկար փոխանցումներով, բայց նոր առաջնորդը չէր դադարում փորձարկումներ կատարել: Մրցաշրջանի երկրորդ հատվածում սկսված խաղային անկումը լուրջ խնդիր էր դարձել թիմի համար: Ինձագիին քննադատում էին բոլորը, ակումբի ղեկավարությունն էլ չէր թաքցնում դժգոհությունը և ամեն անգամ խոսում էր վերջին շանսի մասին: Հանգիստ էր միայն Սիմոնեն, նա առանց ջղաձգումների իր աշխատանքն էր կատարում, հանդերձարանում խաղաղ էր, իսկ «Ինտերը» դանդաղ քայլերով հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Պեպ Գվարդիոլայի հետ մրցելը հոգեբանական մեծ նշանակություն ունեցավ մարզչի և ընդհանուր թիմի վրա. «Ինտերը» կերպարանափոխվեց:

Նոր մրցաշրջանը «Վիշապները» սպրինտերի արագությամբ սկսեցին, ամեն ինչ հիանալի էր նաև Չեմպիոնների լիգայում, բայց Սիմոնեն փլեյ-օֆֆում չկարողացավ հաղթահարել նախկին թիմակցի գլխավորած թիմի արգելքը: Հիասթափությունը մեծ էր, սակայն ոչ ոք չկոտրվեց, «Ինտերն» այնքան մոտ էր երկրորդ չեմպիոնական աստղին: Եվ այստեղ էլ մարզիչն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել՝ նվաճել Սկուդետոն «ոխերիմ» մրցակցի հետ դերբիում:

Սիմոնեն անցավ Ռուբիկոնը, տրիումֆը փառահեղ ստացվեց: Իտալիան նոր արքա ունի, բայց արշավանքը շարունակվում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա