Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին:
«Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։
Ես բախտավոր եմ, քանի որ հիանալի կազմ ունենք: Մենք գիտենք մեր նպատակներն ու հավակնությունները։ Արդեն շատ բանի եմ հասել թիմի հետ: Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ»,- իտալացու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Ինտեր» - «Լայպցիգ» խաղը տեղի կունենա նոյեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Իտալական գրանդը 10 միավորով 5-րդն է, «Լայպցիգը» միավոր չունի և 32-րդն է: