Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նախաղաղային մամուլի ասուլիսում խոսել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպման կարևորության մասին:
««Բավարիայի» դեմ խաղը չի ազդի վերջնական արդյունքների վրա, սակայն գեղեցիկ ստադիոնում Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ խաղալը մարտահրավեր է մեզ համար: Ցանկանում ենք ցուցադրել լուրջ ու կազմակերպված խաղ: Գիտենք, որ բարդ հանդիպում է լինելու: «Բավարիան» ուժեղ թիմ է, որը կազմի խորություն ունի»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 1-ին կայանալիք «Բավարիա» - «Ինտեր» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում:
Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Բավարիան» 15 միավորով ապահովել է առաջին տեղը, իսկ 10 միավոր ունեցող «Ինտերը» փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել երկրորդ տեղով։