Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի «համատեղ ջանքերով» տեղի ունեցած օլիմպիական քաշային կարգերի փոփոխությունը խիստ բացասաբար անդրադարձավ հայկական ծանրամարտի վերջին տարիների ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի վրա: 2020 թվականին Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր և պետք է Ճապոնիայի մայրաքաղաքում ապացուցեր իր գերազանցությունը մրցակիցների նկատմամբ, սակայն համաճարակը խախտեց ծրագրերը, իսկ մեկ տարի անց արդեն Տոկիոյում մեծ առաջընթաց գրանցած ուզբեկ Ակբար Ջուրաևը տհաճ անակնկալ մատուցեց, ու Մարտիրոսյանը ստիպված էր կարիերայում երկրորդ անգամ բավարարվել օլիմպիական արծաթե մեդալով:
Հավանաբար, Սիմոնը ռևանշի հույս ուներ, սակայն ՄՕԿ-ի որոշումը՝ կրճատել տղամարդկանց քաշային կարգերն Օլիմպիական խաղերում, և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը` 109 ու +109 կգ քաշային կարգերի փոխարեն օլիմպիական ծրագրում ներառել 102 և +102 կգ կարգերը, մեծ հարված եղան Մարտիրոսյանի օլիմպիական հույսերին:
Սիմոն Մարտիրոսյանը պատանեկան տարիքում հանդես էր գալիս գերծանր քաշային կարգում, սակայն մեծահասակների ասպարեզում նախնընտրում էր մինչև 109 կգ քաշային կարգը, քանի որ անձնական քաշով էականորեն զիջում էր գերծանր քաշայինների առաջատարներին: Մինչև 109 կգ քաշայինների պայքարին մասնակցելը Մարտիրոսյանի համար բավականին դժվար էր լինում, նա ստիպված էր ամեն մրցումից առաջ շուրջ 10 կգ քաշ գցել, ինչը զգալիորեն թուլացնում էր մարզիկին, և դա իր հետքը թողեց Օլիմպիական խաղերում:
Գերծանր քաշային կարգ տեղափոխվելը ստիպված քայլ էր, բայց նաև քայլ էր, որը վաղ թե ուշ պետք է կատարվեր հայ ծանրորդի կողմից: Հայաստանի առաջնությունում Սիմոնը վաղուց էր մասնակցում գերծանր քաշայինների պայքարին, հետ էր մնում Վարազդատ Լալայանից և Գոռ Մինասյանից, բայց մի բան է մրցել հենց այն քաշային կարգում, որտեղ սովորաբար հանդես ես գալիս, մեկ այլ բան է մասնակցել մրցումներին՝ նկատի ունենալով, որ պետք է քաշ գցել: Այժմ արդեն Մարտիրոսյանը սահմանափակված չէ անձնական շատ բարձ քաշ չունենալով, հակառակը՝ նրա հիմնական նպատակը պետք է լինի հնարավորինս ծանր լինելը:
Ծանրամարտում քաշային կարգերի փոփոխությունները սովորական բան է: Բայց մի բան է, երբ մարզիկը տեղափոխվում է 8-9 կգ ավելի բարձր քաշային կարգ, մեկ այլ բան, երբ անցում է կատարում մի քաշային կարգի, որտեղ մրցակիցներն իրեն գերազանցում են 30-40 կգ: 2022թ. աշխարհի առաջնության ժամանակ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը մոտ 23 կգ ավելի անձնական քաշ ունեին:
Այն բանից հետո, երբ Գոռ Մինասյանը որոշում կայացրեց փոխել սպորտային քաղաքացիությունը և ներկայացնել Բահրեյնը, Մարտիրոսյանի առջև հավաքականի դռները բացվեցին, այնպես որ, մոտակա տարիներին Սիմոնը պայքարելու է աշխարհի ուժեղագույն հսկաների դեմ, և, հաշվի առնելով նրա հսկայական ներուժը, կարելի է վստահ լինել, որ ձգտելու է պայքարել ամենաբարձր տեղերի համար:
Ծանրամարտի պատմությունը քիչ դեպքեր է ճանաչում, երբ ծանրորդը հասուն տարիքում ավելի ցածր քաշային կարգից տեղափոխվել է գերծանր քաշային կարգ և այնտեղ հասել հաջողության: Սակայն կան երկու օրինակներ, որոնք Մարտիրոսյանը կարող է իր աչքի առաջ ունենալ՝ գերմանացի Ռոնի Վելերն ու ռուս Եվգենի Չիգիշևը:
Վելերը 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի ծանր՝ մինչև 110 կգ քաշային կարգի ամենավառ ներկայացուցիչներից էր: Արևելյան Գերմանիայի ներկայացուցիչը 1988թ. Սեուլի Օլիմպիական խաղերում 19 տարեկանում երկամարտի 425 կգ արդյունքով (190+235) դարձավ բրոնզե մեդալակիր, 4 տարի անց արդեն աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակում մեկնեց Բարսելոնա, որտեղ 109,40 անձնական քաշով մասնակցեց մինչև 100 կգ քաշայինների պայքարին ու դարձավ չեմպիոն՝ երկամարտի 432.5 արդյունքով (192.5+240): Օլիմպիական խաղերից հետո Վելերը նույն Խաղերի բրոնզե մեդալակիր բուլղարացի Ստեֆան Բոտևի հետ միասին տեղափոխվեց գերծանր քաշային կարգ: Երկու մարզիկներն էլ արագորեն հարմարվեցին նոր քաշային կարգում, որը Լեոնիդ Տարանենկոյի ու Ալեքսնդր Կուրլովիչի հետընթացից հետո մնացել էր առանց առաջատարի: Հենց Վելերն ու արդեն Ավստրալիան ներկայացնող Բոտևը ռուս Անդրեյ Չեմերկինի հետ միասին դարձան առաջիկա տարիների քաշային կարգի առաջատարները: Գերմանացի ծանրորդը 1993-ին դարձավ աշխարհի չեմպիոն, երկու տարի անց զիջեց միայն Չեմերկինին, Ատլանտայի Օլիմպիական խաղերում էլ հավակնում էր ոսկե մեդալի, սակայն հրում վարժությունում Չեմերկինը, որը անձնական քաշով 27 կգ գերազանցում էր Վելերին, 10 կիլոգրամանոց քայլ արեց ու, 260 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելով, դարձավ օլիմպիական չեմպիոն: Բոտևը բավարարվեց բրոնզե մեդալով: Հետագայում շարունակեց մրցակցել նույն Չեմերկինի, Աշոտ Դանիելյանի, Արա Վարդանյանի և Հուսեյն Ռեզազադեի հետ, արծաթե մեդալակիր դարձավ նաև Սիդնեյի Օլիմպիական խաղերում, 2002-ին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, մասնակցեց նաև Աթենքի Օլիմպիական խաղերին և ավարտեց կարիերան: Սակայն մեդալներից բացի, հետաքրքիր է նաև Վելերի արդյունքների աճի դինամիկան՝ անձնական քաշի ավելացմանը զուգահեռ:
1992թ. Բարսելոնա, 109.80 կգ անձնական քաշ, 432.5 կգ երկամարտի արդյունք (192.5 պոկում + 240 հրում)
1996թ. Ատլանտա, 138.09 կգ անձնական քաշ, 455 կգ (200+255)
2000թ. Սիդնեյ, 146.88 կգ անձնական քաշ, 467.5 կգ (210+257.5)
Ինչ վերաբերում է Չիգիշևին, ապա վերջինս ավելի քիչ է հանդես եկել ծանր քաշային կարգում և Վելերի պես հարուստ նվաճումներ չուներ: Նվաճելով երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնի ու փոխչեմպիոնի կոչումները՝ Չիգիշևը 21 տարեկանում մեկնեց Սիդնեյ, Օլիմպիական խաղերի մինչև 105 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ երկամարտի 415 կգ (190+225) արդյունքով: Մեկ տարի անց նույն քաշային կարգում ռուս ծանրորդը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ 7.5 կգ գերազանցելով նախորդ տարվա իր ցուցանիշը` 422.5 կգ (195+227.5): Սակայն Չիգիշևի համար դժվար էր քաշ գցելը, և նա տեղափոխվեց գերծանր քաշային կարգ, որտեղ անձնական քաշով շատ էր զիջում առաջատարներին՝ Ռեզազադեին, Վելերին, Դանիելյանին, Չոլակովին, Շչերբատիսին… Ու եթե պոկում վարժությունում նրա մոտ ամեն ինչ հիանալի էր (պոկումով նա կարող էր հաղթել նույնիսկ Ռեզազադեին), ապա հրում վարժությունում մրցակիցներից թեթև լինելը վճռորոշ դեր էր խաղում:
2003-ին Չիգիշևը նորամուտը նշեց գերծանր քաշային կարգում՝ ընդամենը 115 կգ անձնական քաշով, ու կարողացավ հաղթել Եվրոպայի առաջնությունում երկամարտի 447.5 կգ արդյունքով (207.5+240): Ընդ որում, Աշոտ Դանիելյանը նույն արդյունքն էր գրանցել, սակայն անձնական քաշով մոտ 50 կգ ծանր էր ռուս ծանրորդից: Նույն թվականի աշխարհի առաջնությունում նա միայն չորրորդն էր: Երկու տարի անց ռուս ծանրորդը վերադարձավ արդեն անձնական 125 կգ քաշով, և նոր օլիմպիական շրջափուլը նրա համար գերազանց ստացվեց: Նա երկու անգամ հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, 2008-ին էլ դարձավ օլիմպիական փոխչեմպիոն՝ զիջելով միայն գերմանացի Մատիաս Շտայներին: Օլիմպիական խաղերում Չիգիշևն անձնական ռեկորդ սահմանեց՝ երկամարտի 460 կգ արդյունքով (210+250), ընդ որում, անձնական քաշն այդ պահին 124 կգ էր: Չիգիշևն ավելի բարձր անձնական քաշ (133 կգ) ուներ կարիերայի մայրամուտին, բայց այդ ժամանակ արդեն նրա արդյունքները բարձր չէին: Իհարկե, ռուս ծանրորդի բախտը ինչ-որ տեղ բերեց, քանի որ 2005-2010-ականներին գերծանր քաշային կարգում շատ ուժեղ ծանրորդներ չկային, սակայն նրա ցույց տված արդյունքները միանշանակ հարգանքի էին արժանի:
Սիմոն Մարտիրոսյանը մինչև 109 կգ քաշային կարգում կարողացել է պոկել է 199 և հրել 240 կգ: Նախորդ աշխարհի առաջնությանը, երբ նա լավագույն մարզավիճակում չէր, մասնակցեց 127.30 անձնական քաշով, սակայն երկամարտի արդյունքը ցածր էր՝ 425 կգ (190+235): Մարզչական կազմը վստահում է Մարտիրոսյանին, և առաջիկա երևանյան Եվրոպայի առաջնությունը կարող է շատ հարցերի պատասխան տալ: Սիմոնի նախնական հայտը 450 կգ է, ու եթե նա կարողանա իր նախնական հայտի չափ բարձրացնել, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը գերծանր քաշային կարգում նորից երկու թոփ ծանրորդ ունի:
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար