Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» մարզաբազայում ավարտվել է ակումբի երկարամյա աշխատակից, արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը։
8 թիմերի մասնակցությամբ մրցաշարի վերջին խաղերը կայացել են Սիմոն Իսրայելյանի ծննդյան օրը՝ մարտի 9-ին։ Մրցաշարի հաղթող է դարձել «Վետերան ֆուտբոլիստներ» թիմը, որը եզրափակիչում 2։1 հաշվով առավելության է հասել «Ուրարտու-մարզիչներ» թիմի նկատմամբ։
Երրորդ տեղի համար խաղում «Ուրարտու-վետերաններ» թիմը հաղթել է Հայաստանի լրագրողների հավաքականին։
Թիմերին պարգևատրել է Սիմոն Իսրայելյանի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը։
Մրցաշարին մասնակցել է նաև «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության թիմը, որը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրավել 5-րդ տեղը։
«Վիվառո Մեդիայի» թիմի ավագ, հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանների բաժնի ղեկավար Էռնեստ Շաբոյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է մրցաշարը։
«Շատ ուժեղ մրցաշար էր: Առաջին անգամ էինք նման մրցաշարի մասնակցում, թիմը նոր է ձևավորվել, բայց տղաները հիանալի դրսևորեցին իրենց: 8 թիմերի մեջ 5-րդ տեղը գրավելը վատ արդյունք չէր: Եթե նայեք, թե ինչ թիմեր են առաջինից չորրորդ տեղը գրավել, ապա ամեն ինչ պարզ կդառնա: Ընդամենը մեկ պարտություն ենք կրել: Շնորհակալ եմ տղաներին: Մենք այլևս կայացած թիմ ենք, որը բարձր կամային որակներ ունի: Շատ լավ փորձ էր: Այսուհետև նպատակ ունենք նման հետաքրքիր մրցաշարերին հաճախ մասնակցել»,- նշել է Էռնեստ Շաբոյանը։
Սիմոն Իսրայելյանի հուշամրցաշարն անցկացվել է երկրորդ տարին անընդմեջ։