Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստների ցուցակը:
Ցուցակը գլխավորում են իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ու Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Մոնակոյի» եզրային հարձակվող Ալեքսանդր Գոլովինը, նրանց տրանսֆերային արժեքը հետազոտական կենտրոնը գնահատում է 20 միլիոն եվրո:
Զախարյանին և Գոլովինին հաջորդում են Լիգա 1-ը ներկայացնող «Հավրի» կիսապաշտպան Դալեր Կուզյաևն ու Իտալիայի Ա սերիայում հանդես եկող Բերգամոյի «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը, նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանը նախորդ տարվա օգոստոսից է խաղում Իսպանիայի Լա լիգայում: Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:


