Շնորհակալ եմ և շնորհակալ լինել բայական միավորները պահանջում են ու՞մ, ինչի՞ն, ումի՞ց, ինչի՞ց հարցերին պատասխանող լրացումներ։ Այսինքն՝ մենք կարող ենք շնորհակալ լինել ինչպես մեկին, այնպես էլ մեկից։
Բերենք օրինակներ․
«Շնորհակալ ենք ծնողներին (ու՞մ) զգոնության համար»։
«Շնորհակալ եմ իմ բախտին (ինչի՞ն), որ այս ժամանակներում եմ լույս աշխարհ եկել»։
«Անչափ շնորհակալ եմ Աստծուց (ումի՞ց), որ ինձ անցկացրեց այդ փորձությունների միջով, երազելու հնարավորություն տվեց»։
«Շաբաթաթերթից (ինչի՞ց) շնորհակալ եմ, որովհետև նրա հարցազրույցից հետո տունս վերանորոգեցին»։
«Հեռացա՝ շնորհակալ լինելով այն կնոջը (ու՞մ), որն ասաց. «Հիշի՛ր, մարմնական ցավն անցողիկ է, հոգեկանը՝ ընդմիշտ տանջող»»։
«Շնորհակալ եղանք թատրոնի տոմսավաճառից (ումի՞ց)» ։
«Դուք պետք է շնորհակալ լինեք ճակատագրին (ինչի՞ն), որ Ձեզ պարգևել է այդպիսի արտաքին»։
«Հարկավոր էր շնորհակալ լինել ճակատագրից (ինչի՞ց). այս բոլորը նա հասկանում էր»։
Այսպիսով․․․․
Վերջին տարիներին պաշտոնական խոսքում և զանգվածային տեղեկատվության միջոցներում շնորհակալ եմ և շնորհակալ լինել միավորների հետ կիրառվում են հիմնականում տրական հոլովով լրացումներ (շնորհակալ եմ քեզ, զինվորին, ոստիկանությանը և այլն)։ Ինչպես տեսանք, կարելի է նաև շնորհակալ լինել քեզնից, զինվորից, ոստիկանությունից, քանի որ սովորական է բացառական հոլովի գործածությունը հոգեկան վիճակ, դրություն և համանման իմաստներ արտահայտող բայերի հետ (վախենալ, ձանձրանալ, սարսափել, զգուշանալ և այլն)։
Ուրեմն ինչպես որ խռովում, սարսափում ենք մեկից, այնպես էլ՝ գոհանում ենք մեկից, շնորհակալ լինում մեկից :
Նաև․․․
Այժմ անդրադառնանք շնորհակալություն հայտնել և շնորհակալություն միավորներին: Սրանք պահանջում են ու՞մ, ինչի՞ն հարցերին պատասխանող լրացումներ:
«Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունն առաջադրած կազմակերպություններին և ընկերներին» (ու՞մ)։
«Հատուկ շնորհակալություն ենք հայտնում խմբագրությանը» (ինչի՞ն)։
«Շնորհակալություն ձեզ (ու՞մ), պարո՛ն Գևորգ, շնորհակալություն»:
Բացառական հոլովով լրացումների կիրառությունը սխալ է (շնորհակալություն հայտնել բարերարից)։
Այսպիսով՝
- շնորհակալ եմ և շնորհակալ լինել բայերի հետ հավասարապես գործածել տրական և բացառական հոլովով լրացումներ (Շնորհակալ ենք ձեզ / ձեզնից, որ հետևում եք մեր խորհուրդներին),
- շնորհակալություն հայտնել և շնորհակալություն միավորների հետ գործածել միայն տրական հոլովով լրացումներ (Շնորհակալություն ենք հայտնում / շնորհակալություն ձեզ համագործակցության համար)։
աղբյուր՝ Լեզվի կոմիտե