Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհից մարդկանց փրկելիս մահացել է «Շկուպիի» 25-ամյա ֆուտբոլիստ Անդրեյ Լազարովը, հաղորդում է The Sun-ը:
Լազարովը գնացել է տեղական հիփ-հոփ խմբի համերգին։ Հրդեհի բռնկման պահին ակումբում մոտ 1500 հաճախորդ է եղել։ Շենքը բռնկվել է, երբ պիրոտեխնիկան հարվածել է դյուրավառ առաստաղին: Ակումբի սեփականատերն արդեն ձերբակալված է, ևս 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Թեև նրա ընտանիքն ի սկզբանե մեզ ասաց, որ նա լավ է, բայց խոր ցավով և ափսոսանքով պետք է տեղեկացնենք, որ մեր ֆուտբոլիստ Անդրեյ Լազարովը երեկ երեկոյան Կոչանիում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերից է։
Իսկական հերոս Լազարովը կորցրեց իր կյանքը՝ փորձելով օգնել ուրիշներին։ Նա մահացավ շմոլ գազի թունավորումից՝ փրկելով ուրիշների կյանքը, դրսևորելով քաջություն և մարդասիրություն մինչև վերջ։
Նրա հերոսական արարքը հավերժ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես նրա խոնարհ բնավորության և մեծ սրտի դրսևորում»,- ասվում է ակումբի հայտարարությունում:
Հրդեհից մահացել է 59 մարդ, վիրավորվել ավելի քան 155-ը։