Արդեն տեղեկացրել ենք, որ Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրն անհաջող դասավորվեց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի համար, որն առաջին պարտությունը կրեց՝ 1-3 հաշվով զիջելով Ուզբեկստանի հավաքականին:
Այդ պարտությունից հետո հայ շախմատիստները միանձնյա առաջատարի դիրքը զիջեցին 16 միավոր վաստակած Ուզբեկստանի հավաքականին և 15 միավորով նահանջեցին 3-րդ հորիզոնական: 2-րդ տեղում ընթացող Հնդկաստանի 2-րդ հավաքականը ևս ունի 15 միավոր: Եվս 7 հավաքականներ վաստակել են 14-ական միավոր:
Օգոստոսի 8-ին կայանալիք նախավերջին՝ 10-րդ տուրում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների մրցամարտը:
Կանանց Հայաստանի հավաքականը, 9-րդ տուրում 3-1 հաշվով հաղթելով Ռումինիայի շախմատիստուհիներին, լավ հնարավորություն ունի պայքարելու մրցանակային տեղերի համար: Հայ շախմատիստուհիները 14 միավորով 6-րդ տեղում են և ընդամենը մեկ միավոր են զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Լեհաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և Վրաստանի հավաքականներին:
10-րդ տուրում հայ շախմատիստուհիներն էլ կմրցեն ադրբեջանցիների հետ, որոնք ունեն 14 միավոր:


