NBA-ի նախկին աստղ Շաքիլ Օնիլը մեկնաբանել է «Դալասի» գլխավոր մարզիչ Ջեյսոն Քիդի հայտարարությունը տեխասցիների առաջատար Լուկա Դոնչիչի վերաբերյալ:
Ավելի վաղ 50-ամյա մասնագետը նշել էր, որ Դոնչիչը գերազանցում է ակումբի լեգենդ Դիրկ Նովիցկուն:
«Լուկան հիանալի բասկետբոլիստ է, բայց կայունությունը շատ կարևոր գործոն է: Ես քիչ տղաների չեմ տեսել, որոնք հիանալի են խաղացել մեկնարկային 4 մրցաշրջանում, սակայն հետո ոչ ոք նրանց մասին չի լսել: Եվ հետո, Դոնչիչն այլ ժամանակաշրջանում է խաղում, առայժմ վաղ է նրան և Նովիցկուն նույն շարքում դիտարկելը»,- TNT-ին տված հարցազրույցում ասել է լեգենդար բասկետբոլիստը:
Հիշեցնենք, որ Լուկա Դոնչիչը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողը։ Այս մրցաշրջանում սլովենացի բասկետբոլիստի միջին արդյունավետությունը կազմում է 34,5 միավոր։ Նա նաև գրանցում է 8,6 ռեբաունդ ու 9,4 ասիստ։


