Գելզենկիրխենի «Շալկեի» երիտասարդական թիմի նախկին ֆուտբոլիստ Հիանիկ Կամբան մեղավոր է ճանաչվել սեփական մահը կեղծելու համար՝ հաղորդում է Givemesport-ը:
Ենթադրվում էր, որ Կամբան մահացել է 2016 թվականին Կոնգոյում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
VfB Hüls ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է եկել Կամբան, 2016 թվականին հաղորդագրություն էր տարածել. «Նա այն սակավաթիվ ֆուտբոլիստներից էր, որ կրում էր մեր ակումբի գաղափարներն ու արժեքները: Նրա մահը մեծ կորուստ է: Հիանիկը, անկասկած, դառնություն պատճառեց մեզ սպորտային առումով, բայց առաջին հերթին մենք նրան կարոտելու ենք որպես մարդկային արժեքներ կրող մարդու»:
Bild-ը, հղում կատարելով Daily Mail-ին, գրում է, որ նախկին ֆուտբոլիստի կինը՝ Քրիստինան, կյանքի ապահովագրության շրջանակում փորձել է 3,36 մլն ֆունտ ստանալ: Նրան չի հաջողվել այդքան գումար ստանալ ապահովագրական ընկերությունից, սակայն փոխարենն ստացել է 1 մլն ֆունտ:
Երկու տարի անց՝ 2018 թվականին, Կամբան երևան է դուրս եկել. նա գնացել է Կինշասայում Գերմանիայի դեսպանատուն՝ հայտնելու, որ ողջ-առողջ է:
Նա ասել է, որ ընկերները հեռացել են՝ իրեն թողնելով առանց անձնագրի, բջջային հեռախոսի ու գումարի:
2019 թվականին նախկին ֆուտբոլիստին նկատել են Գերմանիայում: Դրանից հետո հետաքննություն է սկսվել Կամբայի ու նրա կնոջ նկատմամբ: Հետաքրքիր է նաև այն, որ «Շալկեի» նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, թե որևէ տեղեկություն չունի իր կնոջ գործողություններից:
Չնայած հայտարարությանը՝ և՛ նախկին ֆուտբոլիստը, և՛ նրա կինը մեղավոր են ճանաչվել խարդախության համար ու դատապարտվել 46 ամսվա ազատազրկման: