Logo

Զավեն Անդրիասյանը՝ Չենայից. «Լավագույն հանդիպումը դեռ առջևում է» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:45 / 04.08.2022• Շախմատ
Բացառիկ
null

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը շարունակում է մեդալների համար պայքարը Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում, որտեղ օգոստոսի 4-ին հանգստյան օր է։ 6 մրցամարտերում հայկական թիմը տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն և 10 միավորով 6-րդ տեղում է։

Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում Չենայից ամփոփել է Օլիմպիադայի առաջին հատվածում հայ շախմատիստուհիների ելույթները։
 

«Գոհ եմ մեկնարկային հատվածում գրանցած արդյունքից։ Ցուցանիշը լավն է։ Մեր մարզուհիների տրամադրությունը բարձր է։ Հոգնածություն չի նկատվում, լարվածությունն էլ դեռ մեծ չէ»,- նշեց Զավեն Անդրիասյանը։
 

Անդրադառնալով Էստոնիայի հավաքականից կրած միակ պարտությանը՝ մարզիչը նշեց. «Արդյունքը չի համապատասխանում խաղատախտակներին ծավալված պայքարի իրական ընթացքին։ Երկու պարտիաներում ունեինք մեծ առավելություն, իսկ մեկում՝ հաղթանակ ապահովող դիրք։ Սակայն, այդ հանդիպումները ոչ-ոքի ավարտեցինք՝ վստահ լինելով, որ առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը կհաղթի մրցակցին։ Բայց Էլինան, թույլ տալով ցավալի վրիպում, պարտվեց։ Կարևորն այն է, որ դրանից հետո կարողացանք պահպանել սառնասրտությունը և հաղթական տրամադրվածությունը ու նույն ոգով հանգիստ շարունակել ելույթները»։
 

Հարցին, թե որն է համարում այս Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումներից լավագույնը՝ մարզիչը պատասխանեց. «Այն դեռ առջևում է»։
 

Հիշեցնենք, որ Չենայում կանաց Հայաստանի հավաքականը հաղթել է Բոտսվանայի (4։0), Նորվեգիայի (4։0), Իռլանդիայի (4։0), Ինդոնեզիայի (3։1) և Անգլիայի (3,5։0,5) թիմերին ու 1,5։2,5 հաշվով պարտվել է էստոնուհիներին։ Թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը: 
 

Կանանց Հայաստանի հավաքականը երբեք չի դարձել Համաշխարհային օլիմպիադաների մրցանակակիր, թեպետ մի քանի անգամ շատ մոտ է եղել այդ նպատակին։ 2018-ին Բաթումում հայուհիները գրավել էին 6-րդ տեղը՝ 2 միավոր զիջելով չեմպիոնին և արծաթե մեդալակրին ու 1 միավոր՝ երրորդ տեղը գրաված թիմին։
 

Կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2003 թվականին) և բրոնզե մեդալակիր է (2007)։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ