Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկության 3-րդ տուրն անհաջող էր Լևոն Արոնյանի համար, որը սևերով 38-րդ քայլին զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը:
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաշտություն էր կնքել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հանս Նիմանի և աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Սեպտեմբերի 5-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Լերնիեր Դոմինգեսի հետ: Վերջինս երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու հետ:
Առաջին պարտությունը կրեց նաև Մագնուս Կառլսենը, որի մրցակիցը Հանս Նիմանն էր: Հաղթանակ տարավ նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն իր հայրենակից Ֆաբիանո Կարուանայի հետ մրցախաղում: Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը հաշտություն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
3 տուրից հետո Լևոն Արոնյանը մեկ միավորով 8-րդ տեղում է: 2,5 միավորով առաջատարը Հանս Նիմանն է, որին կես միավոր է զիջում Ուեսլի Սոն: