Հայ հրաձիգները պատրաստվում են օգոստոսի 14-31-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այնուհանդերձ, մեկնարկից շուրջ մեկ ամիս առաջ դեռ շարունակվում են բանակցությունները տարվա գլխավոր մրցմանը նրանց մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
«Թեպետ մասնակցության հարցը դեռ վերջնականապես հստակեցված չէ, սակայն մեծ է հավանականությունը, որ կմեկնենք աշխարհի առաջնությանը։ Հիմա շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային ֆեդերացիաների նամակագրական բանակցությունները։ Ցանկանում ենք նախօրոք հստակեցնել բոլոր հարցերը, որպեսզի տեղում խնդիրներ չծագեն։ Կարծում եմ՝ մոտ օրերս ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց մեր զրուցակիցը։
Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց նաև, որ այս օրերին հայ հրաձիգները պատրաստվում են իրենց մարզադպրոցներում։
«Հուլիսի 28-ից մտադիր ենք երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել Լեհաստանում։ Արտագնա մարզմանը ներգրավվելու են Երջանիկ Ավետիսյանը՝ ստենդային հրաձգություն, Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը՝ օդամղիչ ատրճանակ, Արուսյակ Գրիգորյանը, Գոռ Խաչատրյանը և Հովհաննես Մարգարյանը՝ վազող թիրախ մրցաձևում»,- փոխանցեց Սեյրան Նիկողոսյանը։
Աշխարհի առաջնության յուրաքանչյուր մրցաձևում մեդալներից բացի, խաղարկվելու է նաև 4 օլիմպիական ուղեգիր։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն էր գրավել Կահիրեում կայացած աշխարհի առաջնությունում ու նվաճել 2024 թվականին Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։


