Logo

«Սևիլիան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Խուլեն Լոպետեգիին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
02:31 / 06.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Խուլեն Լոպետեգի

Իսպանական «Սևիլիան» Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 1-4 հաշվով տնային պարտությունից հետո պաշտոնից ազատել է թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ակումբը հեռացրեց Լոպետեգիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Երեք հիանալի մրցաշրջանից հետո, որոնցում արդյունքներն ավելի քան գոհացնող էին, չորրորդն այնքան էլ հաջող չէ: «Սևիլիան» Լա լիգայում 21 հնարավորից վաստակել է ընդամենը 5 միավոր»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:

«Զգացողությունների առումով իսկապես բարդ պահ է ինձ համար... Շատ շնորհակալ եմ «Սևիլիային», երկրպագուներին, բոլոր ֆուտբոլիստներին, որոնք ինձ պարգևեցին հիանալի մրցաշրջաններ: Բայց ես նաև տխրություն եմ զգում, քանի որ հեռանում եմ մի թիմից, որին սիրում եմ: Կասկած չունեմ՝ «Սևիլիան» միշտ կլինի իմ սրտում»,- Movistar-ի եթերում ասել է Լոպետեգին:

Խուլեն Լոպետեգին «Սևիլիայի» ղեկն ստանձնել էր 2019 թվականի հուլիսի սկզբին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 170 խաղ (Լա լիգա՝ 121, Արքայական գավաթ՝ 15, Եվրոպա լիգա՝ 16, Չեմպիոնների լիգա՝ 17, Եվրոպայի Սուպերգավաթ՝ 1): Խուլեն Լոպետեգին «Սևիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրած հանդիպումների քանակով 5-րդն է: Այս ցուցանիշով նրան գերազանցում են Ունայ Էմերին, Մանոլո Կարդոն, Ռամոն Էնսինասն ու Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Լոպետեգին «Սևիլիայի» հետ տարել է 89 հաղթանակ, կրել 36 պարտություն, 45 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

56-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև պորտուգալական «Պորտուն», Մադրիդի «Ռեալն» ու Իսպանիայի ազգային հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ