Հունգարիայի բազմակի չեմպիոն «Ֆերենցվարոշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Ռուսաստան։
Championat.com-ի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվելու է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։ Ակումբները գործարքի հարցում հասել են համաձայնության։
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Սևիկյանը նույնպես համաձայն է «Լոկոմոտիվ» տեղափոխությանը։ Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի վարձակալության համար «Ֆերենցվարոշին» վճարելու է 200 հազար եվրո։ Գործարքում կարող է ներառվել նաև տրանսֆերի գնման իրավունքի կետ։
Հիշեցնենք, որ Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է: 16 տարեկանում նա մոսկովյան ակումբից տեղափոխվել էր իսպանական «Լևանտե»: Էդգարն այս տարվա ձմռանն էր 1,2 միլիոն եվրոյով «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
«Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը։