Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆասթ Մեդիայի» «Փրայմ Թայմ» հաղորդման հետ հարցազրույցում խոսել է ազգային թիմի ընտրության և այլ թեմաների շուրջ։
«Շատ ուրախ եմ հավաքականում լինելու համար: Լավ թիմ է, և այնպես ստացվեց, որ նորամուտս շատ առանցքային ու պատասխանատու պահի էր: Ամեն անգամ ավելի հեշտ է դառնում, ավելի հարմարավետ ես զգում, ծանոթանում ես տղաների հետ: Դրա համար էլ միշտ ուրախ եմ հավաքականում խաղալու համար։
Հայաստանի հավաքականում խաղալու որոշումն ինքս եմ կայացրել՝ հաշվի առնելով ինչ եմ մտածում և զգում: Այս թեմայի մասին շատ եմ խոսել: Հավաքականին միանալուս շարժառիթն այն չէ, որ այստեղ են Թիկնիզյանն ու Սպերցյանը, որոնք, իմ կարծիքով, հավաքականի առաջատարներ են ու շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են: Այդպիսի որոշումներ կայացնում ես՝ հաշվի առնելով մտքերդ ու զգացողություններդ: Իհարկե, երբ նայում և նկատում ես, որ Նաիրի ու Էդիկի պես ֆուտբոլիստներ են միացել թիմին, մեծ էմոցիաներ ու հպարտության զգացում ես ունենում: Ուշադրություն ես դարձնում այդ հանգամանքին, բայց դա չէ, որ որոշում կայացնելիս ազդեցություն է ունենում: Առաջին, որ ազդում է քեզ վրա, այն է, թե ինչ ես զգում։
Առաջիկա խաղերին մոտենում ենք հաղթանակի հասնելու տրամադրվածությամբ, ինչպես միշտ: Այն, որ ընկերական խաղ է, մեզ համար նշանակություն չունի: Միշտ ցանկություն կա հաղթելու, միշտ ցանկություն կա երկրպագուների, երկրի համար լավագույն խաղդ ցուցադրելու: Դրա համար ինչպես միշտ պատրաստվում ենք քրտնաջան աշխատանքով և տրամադրված ենք հաղթանակի»,- նշել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Սևիկյանը պատմել է, թե ինչպես է ստացվել «Ֆերենցվարոշ» տեղափոխությունը։
«Ես ցանկանում էի վերադառնալ Եվրոպա և ուսումնասիրում էի բոլոր տարբերակները, որ կային ինձ համար: Եվ ստացվեց «Ֆերենցվարոշի» տարբերակը: Շատ խոսակցություններ և ինչ-որ հետաքրքրություններ կային: Բայց դեկտեմբեր-հունվարին, երբ Ռուսաստանի առաջնությունում դադար էր, «Ֆերենցվարոշը» հավանաբար միակ ակումբն էր, որ մեծ նախաձեռնություն ցուցաբերեց, և ես հաշվի առա, որ դա գրանդ ակումբ է հունգարական ֆուտբոլում և հանդես է գալիս եվրագավաթում: Դրա համար էլ այդպիսի որոշում կայացրի։
Ես հիշում եմ՝ թիմը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում, երկու կամ երեք տարի առաջ էր, երբ նրանք «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» հետ էին խաղում: Դրա համար դիտում էի խաղերը: Հասկանալի էր, որ այդպիսի գրանդ ակումբների հետ մրցելը շատ բարդ է, երբ խաղում ես նրանց դեմ, բայց եղան խաղեր, որ տպավորում էին, երբ նրանց մարզիչը Ստանիսլավ Չերչեսովն էր: Միշտ լսում ու հասկանում էի, որ այս թիմը Հունգարիայի ու եվրոպական մակարդակի համար թոփ է, թիմ է, որը կայուն խաղում է եվրագավաթներում, դուրս է գալիս փլեյ-օֆֆ, դրա համար էլ ես կասկածներ չունեի։
Քաղաքը շատ լավն է, գեղեցիկ ու մեծ: Ես Բուդապեշտում չէի եղել, բայց քաղաքն ինձ հաճալիորեն զարմացրեց: Հայկական անկյուն դեռ չեմ գտել: Այնտեղ ընդամենը երկու ամիս եմ ապրում, բայց հույս ունեմ, որ շուտով կգտնեմ»,- նշել է կիսապաշտպանը։

Հայաստանի հավաքականի նորեկը նաև կարծիք է հայտնել ազգային թիմը գլխավորող Ալեքսանդր Պետրակովի ու «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ, սերբ անվանի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչի մասին։
«Պետրակովը շատ լավ մասնագետ է: Նա երբեմն խիստ է, երբեմն ուրախ ու թիմային: Նա զգում է պահը՝ երբ է պետք կոպիտ լինել, երբ՝ ուրախ: Նա այդ պահերը հրաշալի հասկանում է: Նա հասկանում է՝ երբ պետք է խոսել ֆուտբոլիստի հետ, երբ նա դրա կարիքն ունի, որ խաղացողի համար էլ հեշտ դառնա ու ինքն իրեն հասկանա: Նա նաև սիրում է ճշմարտությունն ասել, սիրում է ամեն ինչ դեմքին ասել, բաց է ու անկեղծ: Դրա համար էլ ես ուրախ եմ նրա հետ հավաքականում աշխատելու համար:
Ստանկովիչի հետ դեռ կարճ ժամանակ է, որ աշխատում եմ: Որպես ֆուտբոլիստ՝ նա իհարկե լեգենդար է, անհավատալի կարիերա է անցկացրել: Որպես մարզիչ՝ նա իր գաղափարներն ունի, մարտավարությունը, թե ինչպես պետք է խաղա թիմը: Բավականին էմոցիոնալ մարզիչ է: Կարելի է ասել, որ նա երբեմն չափազանց խիստ է, բայց երբեմն էլ շատ ուրախ մարդ է, երբ պետք է թիմին աջակցել: Այնպես որ, ես նրան նոր եմ ծանոթ, բայց երևում է, որ այդ մարդը շատ գիտելիքներ ունի ֆուտբոլից, որովհետև որպես ֆուտբոլիստ էլ շատ բանի միջով է անցել»,- ասել է Սևիկյանը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը հունվարի 17-ին է ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որը, ըստ Transfermarkt-ի, 1,2 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ Նա Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին Սևիկյանը տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ 2023-ին կիսապաշտպանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։


