Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» վերադարձը:
«Իհարկե, չեմ թաքցնի, որ մանկուց երազանք եմ ունեցել ոչ միայն իմ, այլ նաև հորս ու մտերիմներիս համար, որ մի օր խաղալու եմ «Լոկոմոտիվում»։ Դա իմ գլխում էր, բայց երբ ես տեղափոխվեցի «Լևանտե», նպատակ կար զարգանալ ու շարունակել ինչ-որ ճանապարհով, իսկ հետո ժամանակը ցույց կտար:
«Լոկոմոտիվի» առաջարկից հետո շատ չեմ մտածել, քանի որ իմ հարազատ ակումբն է: Ես շատ եմ սիրում այս ակումբը և հասկանում եմ, որ այս պահին սա լավագույն տարբերակն է ինձ համար»,- հայտնել է 23-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությանը:
Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է: Հայ ֆուտբոլիստը մոսկովյան ակումբում վարձավճարով կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը: Մրցաշրջանի ավարտից հետո «Լոկոմոտիվը» կունենա նրա տրանսֆերային իրավունքը հունգարական «Ֆերենցվարոշից» ձեռք բերելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Սևիկյանը հունվարի 17-ին էր ռուսական «Նիժնի Նովգորոդից» 1,2 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Հունգարիայի չեմպիոն: Իսպանական «Լևանտեի» նախկին ֆուտբոլիստը 17 խաղ է անցկացրել «Ֆերենցվարոշի» կազմում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։