
Առաջնության 8-րդ տուրում ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը: Իսկ ահա գործող չեմպիոն «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց անդրանիկ հաղթանակը տոնել:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
- Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 38 հանդիպումներից 17-ում հաղթել են դաշտի տերերը, 15-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6-ում գրանցվել է ոչ-ոքի:
8-րդ տուրում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենացածր արդյունավետությունը. 5 հանդիպումներում խփվեց ընդամենը 6 գոլ (միջինը՝ 1,2 գոլ մեկ խաղում): Մինչ այդ ամենասակավագոլը նախորդ տուրն էր, որում 8 գոլ էր գրանցվել: Անցկացված 38 հանդիպումներում գրանցվել է 103 գոլ (միջինը՝ 2,7 գոլ մեկ խաղում):
- «Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ վերջին անգամ (2008թ.) ՀՀ առաջնություններում մեկնարկում 7 անընդմեջ հաղթանակ տոնած «Արարատն» էլ 8-րդ տուրում «սայթաքել» էր՝ 0-3 հաշվով պարտվելով «Բանանցին»: «Արարատ-Արմենիան», որ առաջնության նախորդ 7 հանդիպումներում 21 գոլի հեղինակ էր դարձել, առաջին անգամ չգտավ մրցակցի դարպասի բանալին:
Իսկ «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի օրոք առաջնությունում անցկացրած անպարտելի հանդիպումների և դարպասն անառիկ պահած խաղերի քանակը հասցրեց 6-ի:
- Ավելի քան երկու տարվա ընդմիջումից հետո «Փյունիկին» վերջապես հաջողվեց հաղթել «Արարատին», որի հետ անցկացրած առաջնության նախորդ 5 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր էր վաստակել: Նախորդ հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Փյունիկը» տարել էր 2019թ. մայիսի 26-ին՝ 2-1: Առաջնության վերջին 5 հանդիպումներում փյունիկցիներն անպարտելի են, իսկ «Արարատի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց:
- Դավիթ Խուրցիձեն և Ֆոֆանա Բեկոն առաջին գոլերը խփեցին «Ալաշկերտում» VBET ՀՊԼ-ում, իսկ Արթուր Սերոբյանը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Բեկոյի գոլն ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր:
Ֆոֆանա Բեկոն դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: Նա ԲԿՄԱ-ի դարպասը գրավեց 33 տարեկան 19 օրականում: Բեկոն գերազանցեց Ջոել Բաիլիի ցուցանիշը, որն «Ալաշկերտում» գոլի հեղինակ էր դարձել 32 տարեկան 81 օրականում:
Ֆոֆանա Բեկոն ընդգրկվեց նաև ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով վերջերս ցուցակը համալրած փյունիկցի Ուգո Ֆիրմինոյին, որն աչքի էր ընկել 32 տարեկան 265 օրականում: