Թիավարության Հայաստանի հավաքականն առաջին անգամ հայտնվել է աշխարհի առաջնության լավագույն տասնյակում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Չորս տեղանոց կանոեի 500 մ. մրցատարածությունում սևանցի չորս մարզիկներ դուրս են եկել եզրափակիչ և գրավել 7-րդ տեղը։ Փորձառու մարզիչ Ավետիք Մալխասյանի սաները նաև լրացրել են միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա:
Հայաստանի քառյակը ելույթ է ունեցել հետևյալ կազմով. Արա Վիրաբյան, Վահե Դավթյան, Գևորգ Փիլոսյան և Նորիկ Մարգարյան:
Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում 42 մրցաձևում հայտավորված էին 94 երկրների 2000 մարզիկ-մարզուհիներ, Հայաստանն ուներ 7 ներկայացուցիչ։