Հայաստանի հավաքականի նորեկ, Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է ազգային թիմ հրավիրվելու մասին:
«Մանկուց երազել եմ ազգային հավաքականում հանդես գալու մասին: Լուրը ստացել եմ մարզումից հետո, շատ ուրախացա, տղաներն էլ շատ ուրախացան ինձ համար: Շատ ուրախ էի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքական:
Տարբեր տարիքային հավաքականներում եմ հանդես եկել, ամեն տարիքային հավաքական իր դժվարությունն ունի: Երիտասարդական հավաքականում մրցելույթներս ավարտելուց հետո նպատակ դրեցի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքական:
Կփորձեմ հնարավորինս օգուտ տալ ազգային հավաքականին: Հուսով եմ՝ առաջիկա խաղերին մասնակցելու հնարավորություն կունենամ և ուժերիս ներածին չափով կօգնեմ մեր թիմին»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Ուկրաինայի (սեպտեմբերի 24) և Իռլանդիայի (սեպտեմբերի 27) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրերի խաղերին:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմն Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբում 4 խաղից հետո վաստակած 3 միավորով վերջին՝ 4-րդ տեղում է:


