Սերենա Ուիլյամսն օգոստոսի 9-ին հայտարարեց, որ շուտով ավարտելու է մարզական կարիերան: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը հաջորդ ամիս՝ Նյու Յորքում կայանալիք ԱՄՆ բաց առաջնությունից հետո, կդառնա 41 տարեկան:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղերում 23 տիտղոս նվաճելուց բացի, Սերենան քրոջ՝ Վինուս Ուիլյամսի հետ խոշոր մրցաշարերի զուգախաղում նվաճել է 14 տիտղոս: Սերենա Ուիլյամսն ավարել է նաև Օլիմպիական 4 ոսկե մեդալ, տասնյակ այլ գավաթներ ու վաստակել միլիոնավոր դոլարներ:
VNews-ը հայացք է գցել Սերենա Ուիլյամսի մարզական կարիերայի որոշ առանձնահատուկ պահերի.
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Սերենա Ուիլյամսի առաջին խաղը տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 28-ին՝ նրա 14-ամյակը լրանալուց մոտ մեկ ամիս անց: Սերենան Կվեբեկի գավաթի որակավորման առաջին փուլում 1-6, 1-6 հաշվով պարտվեց Էնի Միլերին, որը 18 տարեկան էր ու 149-րդ համարն աշխարհում:
ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ» ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ
Սերենա Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում առաջին հաղթանակը տարել է 1998 թվականին, երբ 16 տարեկան էր: Ավստրալիայի բաց առաջնությունում նա պայքարից դուրս է թողել 6-րդ համար Իրինա Սպիռլյային՝ հաղթելով 6-7, 6-3, 6-1 հաշվով: Երկրորդ շրջանում Ուիլյամսը լքել է պայքարը՝ պարտվելով իր ավագ քրոջը՝ Վինուսին:
1-ԻՆ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

Սերենա Ուիլյամսը կարիերայի առաջին «Մեծ սաղավարտը» նվաճել է 17 տարեկանում՝ 1999 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում 6-3, 7-6 հաշվով պարտության մատնելով Մարտինա Հինգիսին, դառնալով Ալտեա Գիբսոնից հետո (1958թ.) առաջին սևամորթ կինը, որ հաղթում է «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Հենց հաջորդ օրը Սերենան ու Վինուսը կանանց զուգախաղի եզրափակիչում 4-6, 6-1, 6-4 հաշվով հաղթեցին Չանդա Ռուբին – Սանդրին Տեստյու զույգին՝ նվաճելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի զուգախաղերում իրենց 14 տիտղոսներից առաջինը:
2-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2002 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 7-5, 6-3 հաշվով հաղթեց Վինուս Ուիլյամսին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում կայացած 11 հանդիպումներում սա առաջին դեպքն էր, որ այս քույրերի պայքարում հաղթեց կրտսերը:
3-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2002 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Սերենա Ուիլյամսն «ընտանեկան» եզրափակիչում կրկին հաղթեց Վինուսին (7-6, 6-3), որը երկու անգամ պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը:
«Հայրս միշտ ասում էր, որ մի օր մենք կխաղանք Ուիմբլդոնի, ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում, ինչպես մեծերը: Եվ մենք ահա այստեղ ենք 10-15 տարի անց»,- այդ օրն ասաց Սերենան:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Սերենա Ուիլյամսը WTA-ի վարկանիշային աղյուսակն առաջին անգամ գլխավորեց 2002 թվականի հուլիսի 8-ին՝ Ուիմբլդոնում տարած հաղթանակից երկու օր անց: Նա այնտեղ անցկացնելու էր 319 շաբաթ, որոնցից 187-ը՝ անընդմեջ:
4-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Սերենա Ուիլյամսի երրորդ անընդմեջ եզրափակիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրան բերեց երրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում կրտսեր քույրն ավագ քրոջը հաղթեց 6-4, 6-3 հաշվով:
5-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

Բոլոր 4 հիմնական մրցաշարերում հաղթանակներից հետո Սերենան Վինուսին կրկին հաղթեց 2003 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում: 7-6, 3-6, 6-4 հաշվով հաղթանակով Սերենա Ուիլյամսը դարձավ 5-րդ կինը, որ հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում:
6-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Սերենա Ուիլյամսը 2003 թվականին պաշտպանեց Ուիմբլդոնի տիտղոսը՝ եզրափակիչում 4-6, 6-4, 6-2 հաշվով հաղթելով ավագ քրոջը, որը մկանային լարվածություն ուներ որովայնի հատվածում:
7-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Ձախ ծնկի վիրահատության պատճառով որոշ ժամանակ բաց թողնելուց հետո Սերենա Ուիլյամսը վերադարձավ ու 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում 2-6, 6-3, 6-0 հաշվով հաղթեց Լինդսեյ Դևենպորտին:
8-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Կրկին ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս մնալուց հետո Սերենա Ուիլյամսը վերադարձավ 2007 թվականին ու Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում 6-1, 6-2 հաշվով հաղթեց Մարիա Շարապովային:
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց թողնելու պատճառով Սերենա Ուիլյամսն այդ պահին դասակարգման աղյուսակի 81-րդ տեղում էր:
9-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Սերենա Ուիլյամսը երրորդ անգամ հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունում՝ 2008 թվականի եզրափակիչում 6-4, 7-5 հաշվով պարտության մատնելով Ելենա Յանկովիչին:
10-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

2009 թվականին Դինարա Սաֆինայի նկատմամբ 6-0, 6-3 հաշվով հաղթանակով Սերենա Ուիլյամսը 4-րդ անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունը:
11-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2009 թվականի Ուիմբլդոնի եզրափակիչում Սերենան 7-6, 6-2 հաշվով հաղթեց Վինուսին ու երրորդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող (3 դեպքում էլ եզրափակիչում մրցել է Վինուսի հետ): Իսկ հետո Սերենան Վինուսի հետ պայքարի դուրս եկավ զուգախաղի եզրափակիչում ու նույնպես հաղթեց:
12-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2010 թվականին Ժյուսթին Էնենի նկատմամբ 6-4, 3-6, 6-2 հաշվով հաղթանակը Սերենա Ուիլյամսին պարգևեց 5-րդ տիտղոսն Ավստրալիայի բաց առաջնությունում:
13-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2010 թվականին Սերենա Ուիլյամսը 6-3, 6-2 հաշվով հաղթեց Վերա Զվոնարյովային՝ 4-րդ անգամ նվաճելով ուիմբլդոնյան տիտղոսը:
ԼՈՒՐՋ ՎՆԱՍՎԱԾՔ

Սերենա Ուիլյամսը մարզական կարիերայում բազմիցս բախվել է վնասվածքների: Նրա ամենադժվար պահերից մեկը եղավ 13-րդ «Մեծ սաղավարտը» նվաճելուց օրեր անց, երբ Գերմանիայի ռեստորաններից մեկից հեռանալիս վնասեց ոտքերը կոտրված ապակու վրա: Ի վերջո նրան անհրաժեշտ եղավ աջ ոտքի երկու վիրահատություն, որից հետո միայն 10 շաբաթ անցկացրեց գիպսով: Հետո էլ պարզ դարձավ, որ նրա թոքերում ու ստամոքսի մաշկի տակ արյուն է կուտակվել:
ԴՈՒՐՍ ՄՆԱԼ 1-ԻՆ ՇՐՋԱՆԻՑ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում Սերենա Ուիլյամսը մարզական կարիերայում առաջին անգամ առաջին շրջանից դուրս է մնացել Վիրժինի Ռազանոյի դեմ 2012 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության մրցախաղում: Դրանից անմիջապես հետո Սերենա Ուիլյամսն սկսեց համագործակցել մարզիչ Պատրիկ Մուրատօղլուի հետ: Նրանց գործակցությունն ավարտվեց 2022 թվականին՝ համատեղ աշխատանքից մոտ տասնամյակ ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 10 տիտղոս նվաճելուց հետո:
14-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկամյա երաշտը Սերենա Ուիլյամսն ընդհատեց 2012 թվականի ուիմբլդոնյան եզրափակիչում՝ Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ 6-1, 5-7, 6-2 հաղթանակով:
15-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Պարտության մատնվելուն ընդամենը 2 միավոր մնացած՝ Սերենա Ուիլյամսը շտկեց իրավիճակը Վիկտորյա Ազարենկայի հետ մենախաղում ու, հաղթելով 4 գեյմ անընդմեջ, նվաճեց 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնության տիտղոսը: Սերենան առավելության հասավ 6-2, 2-6, 7-5 հաշվով: 1995 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի հաղթողը որոշվեց 3 սեթում:
16-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
«Ռոլան Գարոսից» վաղաժամ դուրս մնալուց մեկ տարի և մրցաշարում առաջին տիտղոսը նվաճելուց ավելի քան տասնամյակ անց՝ 2013 թվականին, Սերենա Ուիլյամսը դարձավ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող՝ եզրափակիչում 6-4, 6-4 հաշվով պարտության մատնելով այդ ժամանակ գործող չեմպիոն Մարիա Շարապովային:
17-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2013 թվականի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում նույնպես Սերենան հաղթեց Ազարենկային (7-5, 6-7, 6-1)՝ նվաճելով իր 5-րդ տիտղոսը Նյու Յորքում:
18-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2014 թվականի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 6-3, 6-3 հաշվով հաղթեց Կարոլին Վոզնյացկիին: Ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի խաղի ոչ մի սեթում Սերենան չզիջեց 3-ից ավելի գեյմ:
19-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 6-3, 7-6 հաշվով հաղթեց Շարապովային՝ «Մելբուրն Պարկում» տիտղոսային խաղերի հաշիվը դարձնելով 6-0:
20-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

2015 թվականին Սերենա Ուիլյամսը 6-3, 6-7, 6-2 հաշվով հաղթեց Լուցիա Շաֆարժովային ու կարիերայում երրորդ անգամ հռչակվեց «Ռոլան Գարոսի» հաղթող:
21-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2015 թվականի ուիմբլդոնյան եզրափակիչում Գարբինյե Մուգուրուսային 6-4, 6-4 հաշվով հաղթելով՝ Սերենա Ուիլյամսը կարիերայում երկրորդ անգամ գրանցեց «Սերենա Սլեմ»՝ անընդմեջ հաղթանակներ տանելով «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարում:
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵԼ ՉՍՏԱՑՎԵՑ
Սերենա Ուիլյամսն օրացուցային տարվա ընթացքում «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում հաղթելու լուրջ հայտ էր ներկայացրել: Դեպքն առաջինն էր 1988 թվականից ի վեր: Ուիլյամսը, սակայն, 2015 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում 6-2, 4-6, 4-6 հաշվով պարտվեց 43-րդ համար Ռոբերտա Վինչիին:
22-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
2016 թվականի ուիմբլդոնյան եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 7-5, 6-3 հաշվով հաղթեց Անժելիկ Կերբերին՝ 7-րդ տիտղոսը նվաճելով մրցաշարում: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տիտղոսների քանակով հավասարվեց Շտեֆի Գրաֆին, որը ռեկորդակիր էր պրոֆեսիոնալ ժամանակաշրջանում (հայտնի է նաև «բաց ժամանակաշրջան» անվանումով, գործում է 1968 թվականից – խմբ.):
23-ՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

2017 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Սերենան 6-4, 6-4 հաշվով հաղթեց Վինուսին ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 23-րդ տիտղոսով անակնկալի բերեց Գրաֆին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում միայն Մարգարետ Կորտն է ավելի շատ տիտղոս նվաճել (24), սակայն այս տիտղոսներից միայն 11-ն է եղել պրոֆեսիոնալ ժամանակաշրջանում: Ոչ ոք չգիտեր, որ «Մելբուրն Պարկում» կայացած պատմական օրը Սերենան արդեն հղի էր. սեպտեմբերի 1-ին լույս աշխարհ եկավ նրա և ամուսնու՝ ամերիկահայ ներդրող Ալեքսիս Օհանյանի դուստրը՝ Օլիմպիան: Ծննդաբերությունից հետո Սերենա Ուիլյամսն առողջական բարդություններ ունեցավ:
ՎԵՐԱԴԱՐՁ ԹԵՆԻՍ

Սերենա Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» մրցաշարեր վերադարձավ 2018 թվականին՝ մասնակցելով «Ռոլան Գարոսին»: Նա այդ տարի մասնակցեց նաև Ուիմբլդոնին ու ԱՄՆ բաց առաջնությանը և հասավ եզրափակիչ: Նույն արդյունքը կրկնեց նաև հաջորդ տարի՝ 2019 թվականին: Բոլոր 4 դեպքերում էլ բավարարվեց փոխչեմպիոնի մրցանակով:
Սերենա Ուիլյամսը, Ալեքսիս Օհանյանն ու նրանց դուստրը՝ Օլիմպիան



