Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ֆուտբոլի Արգենտինայի հավաքականին շնորհավորել է Կատարում ավարտված աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալու առթիվ։
«Շնորհավորում եմ Արգենտինային, նրանք արժանի էին դրան»,- սոցցանցերում գրել է մեքսիկացի բռնցքամարտիկը։
Muchas felicidades Argentina, se lo merecían 🫶
— Canelo Alvarez (@Canelo) December 19, 2022
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի C խմբի երկրորդ տուրի՝ Արգենտինա - Մեքսիկա խաղից (2-0) հետո Սաուլ Ալվարեսը սպառնացել էր ծեծել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին, որը հանդերձարանում հատակին էր գցել մեքսիկացիների մարզաշապիկը։ Ավելի ուշ Ալվարեսը ներողություն էր խնդրել իր վարքի համար։
Եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային, որը Բրազիլիայից հետո 60 տարի անց կարող էր դառնալ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած առաջին թիմը։ Արգենտինացիներն աշխարհի չեմպիոն դարձել էին նաև 1978 և 1986 թվականներին։


