Հայաստանի հավաքականի նախկին ավագ, ազգային թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանն ԱԱ-2010-ի ընտրական փուլում երկու անգամ խաղացել է Թուրքիայի հավաքականի դեմ (0-2, 0-2)։
VNews-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի նախկին պաշտոնակատարը խոսել է մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան - Թուրքիա Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղի մասին։
«Հայաստանի հավաքականին հաղթանակ եմ մաղթում։ Միաժամանակ, գտնում եմ, որ հնարավոր պարտությունն էլ պետք չէ վերածել ողբերգության։ Դա լինելու է մեր թիմի հերթական խաղը, որի արդյունքն անհրաժեշտ է դիտարկել զուտ մարզական, ֆուտբոլային հարթությունում։ Նախօրոք չեմ ցանկանում տոկոսային առումով գնահատել մրցակիցների հնարավորությունները, որովհետև խաղի ընթացքում հնարավոր է ամեն ինչ։ Կարևորն այն է, թե մրցող թիմերն ինչ վիճակում և ինչպիսի տրամադրվածությամբ կմոտենան հանդիպմանը։ Այս պահին դրա վերաբերյալ տեղեկատվության չենք տիրապետում»,- նշեց 50-ամյա Հովսեփյանը։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը զերծ մնաց Հայաստանի հավաքականի խաղացողներին որևէ խորհուրդ տալուց՝ ընդգծելով, որ նրանք պրոֆեսիոնալ են և շատ լավ գիտեն՝ ինչպես է պետք ճիշտ պատրաստվել։
«Ճիշտն ասած, որևէ խորհուրդ չեմ կարող տալ հավաքականի տղաներին, քանի որ ֆիզիկական և հոգեբանական վիճակից ելնելով՝ նրանք ավելի լավ են պատկերացնում, թե իրենց ինչ է անհրաժեշտ այս պահին։ Յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվում»,- ասաց Սարգիս Հովսեփյանը։
Մեր զրուցակիցը դժվարացավ հիշարժան դրվագներ առանձնացնել Թուրքիայի հավաքականի հետ 2008 և 2009 թվականներին տեղի ունեցած աշխարհի առաջնության երկու ընտրական հանդիպումներից, որոնց մասնակցել է առանց փոխարինման։
«Առանձնակի հիշողություններ չեն պահպանվել, քանի որ երկու խաղում էլ պարտվել ենք։ Դրանք մեր հավաքականի հերթական խաղերն էին, որոնց պատրաստվել էինք հաջող հանդես գալու մղումով, բայց չստացվեց։ Որևէ առանձնահատուկ դրվագ չեմ հիշում»,- նշեց Հովսեփյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այժմ որևէ կերպ չի առնչվում երկրի ֆուտբոլային անցուդարձին՝ պնդելով, որ ոլորտում ավանդաբար որոշիչ է ծանոթ-բարեկամ ձևաչափը։ «Այս պահին չկամ ֆուտբոլում։ Եթե դա տեղի ունենա, բոլորն էլ կիմանան այդ մասին»,- խոսքը եզրափակեց անվանի ֆուտբոլիստը։
1990-2012 թվականները ներառող ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սարգիս Հովսեփյանը խաղացել է հայկական «Արարատ», «Մալաթիա», «Լոռի», «Կիլիկիա» և «Փյունիկ», ռուսական «Զենիթ» և «Տորպեդո Մետալուրգ» ակումբներում։ Հայաստանի ազգային հավաքականում անվանի պաշտպանը 1992-2012-ին անցկացրել է 132 հանդիպում ու դարձել է 2 գոլի հեղինակ։
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Հովսեփյանը 2013-2016 թվականներին մարզել է Երևանի «Փյունիկը», իսկ 2015-ին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար։