Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է ազգային թիմի հայտացուցակում ընդգրկած ֆուտբոլիստների ընտրությունը:
Նիդերլանդցի մասնագետը նշել է, որ «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայտացուցակում չի ընդգրկվել, քանի որ այլևս չի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում:
«Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում»,- Վան’տ Սխիպի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին, և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Չալըշըրը, որը ևս կար մեր ցուցակում:
Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, որն ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:
Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ազգային թիմին: Երկու հանդիպումներն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: