Հայաստանի հավաքականը երկու մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում:
67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկելուց հետո 1/4 եզրափակիչում պետք է մրցեր իտալացի բռնցքամարտիկի հետ, սակայն մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու հայ մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Ստրանջայի մրցաշարում Հայաստանի երկրորդ մեդալն ապահովել է գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, որը հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Եվս 3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հաղթական մենամարտ են անցկացրել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանն ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը պարտության է մատնել ավստրիացի Կիռա Ռուստոնին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։