Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունը 1-4 հաշվով։
«Մենք կհիշենք առաջին խաղակեսը, որի ընթացքում բավական կազմակերպված էինք։ Բայց մի շարք պահեր եղան, որոնք մեզ դուր չեկան։ Առաջին գոլը պետք է չեղարկվեր, քանի որ Մորատան խաղից դուրս իրավիճակում էր։ Չգիտեմ` ինչով էին զբաղված VAR համակարգի սենյակում։ Հավանաբար, եթե 1-0 հաշվի պայմաններում ընդմիջման գնայինք, ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Իսպանիան, անկասկած, ուժեղ էր և արժանի էր պայքարը շարունակելուն։ Վրաստանն արդեն հաղթել էր իր Եվրոպայի առաջնությունը նախքան Իսպանիայի դեմ խաղը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Le Figaro-ն։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություններին մասնակցում էր առաջին անգամ։ Վրացիները F խմբում կարողացան գրավել երրորդ տեղը` երրորդ տուրում 2-0 հաշվով սենսացիոն հաղթանակ տանելով Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ։


