«Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշերան սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Նեյմարը վերադառնալու է ակումբ:
«Հիշում եմ` կարծես այսօր լիներ, երբ մեր հավերժական ավագ Զիտոն Ալեմաոյի հետ եկավ` պատմելու սիրելի Բետինյոյի կողմից հայտնաբերված ևս մեկ աստղի մասին։ Նրա անունը Նեյմար էր՝ նրա տաղանդի նման տարբերվող անուն։ Եվ այն էլ ինչպիսի՜ տաղանդ: Որքան հաճելի էր տեսնել, թե ինչպես է այս տղան մեծանում և դառնում այն հանճարը, որը նվաճեց «Սանթոսը», Բրազիլիան և ամբողջ աշխարհը։
Նա հեռացավ` երազանքներն իրականացնելու, բայց հեռանալիս խոստացավ. «Ես հեռանում եմ, բայց դեռ կվերադառնամ»։ Վստահ եմ` այդ արտահայտությունն ամբողջ կյանքում ուղղորդել է նրան։
Այժմ եկել է տուն վերադառնալու ու քո սիրելի ակումբի պահը։ Բարի՛ գալուստ, տղա՛ս։ Եկել է նոր պատմություն կերտելու ժամանակը»,- ասել է Տեյշերան։
Հունվարի 28-ին Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» հայտարարեց Նեյմարի հետ գործող պայմանագրի խզման մասին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն այս շաբաթ 6 ամսվա պայմանագիր կկնքի բրազիլական ակումբի հետ։
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն (79 գոլ) «Սանթոսի» համակարգում եղել է 2003-2013թթ., 225 խաղում խփել է 136 գոլ, կատարել 64 ասիստ։


