Logo

«Սան Սիրո». Միլանի ֆուտբոլային տաճարը

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
10:18 / 16.05.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլն Իտալիայի մշակույթի մի մասն է: Իտալացիներն այնքան են տարվել ֆուտբոլով, որ ժամանակի ընթացքում սիրված խաղի հետ կապված ամեն ինչ վերածել են արվեստի:

Համաշխարհային նորաձևության կենտրոն համարվող Միլանը ճարտարապետական մեծ ժառանգություն ունի, սակայն քաղաքի խորհրդանիշ համարվող ֆուտբոլային տաճարը կամ Լա Սկալան յուրահատուկ է տեղացիների համար:

Ստադիոնն անունը ստացել է տեղական սրբերից մեկի պատվին, այդ անունով է կոչվում նաև Լոմբարդիայի շրջանի կոմունան:

Ֆուտբոլի Լա Սկալան կառուցել է «Միլանի» այն ժամանակվա նախագահ Պյերո Պիրելին: Աշխատանքներին մասնակցել է 120 շինարար, «Սան Սիրոյի» կառուցումը տևել է 13 ամսից ավելի: Ճարտարապետները Ուլիսե Ստակինին (նախագծել է նաև Միլանի երկաթգծի կենտրոնական կայարանը) և Ալբերտո Կուջինին են: Ստադիոնի կառուցման համար ծախսվել է 5 միլիոն լիր:

Սկզբում «Սան Սիրոն» նման էր տիպիկ անգլիական ստադիոնի, որը բաղկացած էր 4 տրիբունայից և նախատեսված էր 35 հազար երկրպագուի համար: Քաղաքի գլխավոր ֆուտբոլային կառույցի բացումը տեղի է ունեցել 1926 թվականի սեպտեմբերի 19-ին: Բացման խաղում «Ինտերը» 6-3 հաշվով հաղթեց «Միլանին»:

Ստադիոնը շատ անգամ է վերակառուցվել, որից հետո վերածվել է շքեղ տաճարի:

1935-ին «Միլանը» ստադիոնի իրավունքները վաճառեց քաղաքային իշխանությանը, որը 3 տարի անց որոշեց խաղադաշտն ամբողջությամբ շրջապատել տրիբունաներով, դրանից հետո «Սան Սիրոն» կարող էր ընդունել 55 հազար հանդիսական:

Վերակառուցված արենայի բացումը տեղի ունեցավ 1939-ի մայիսի 13-ին, միջոցառումը գեղեցկացրին Իտալիայի և Անգլիայի հավաքականները (2-2):

Մինչև 1947 թվականը «Սան Սիրոն» պատկանում էր «Միլանին»: Երբ ակնհայտ դարձավ, որ հարևանությամբ գործող «Արենա» ստադիոնը, որտեղ խաղում էր «Ինտերը», այլևս չի համապատասխանում մեծ ակումբի պահանջներին, քաղաքային իշխանությունը երկու ակումբներին առաջարկեց կիսել «Սան Սիրոն», որքան էլ զարմանալի է, տանտերերը համաձայնեցին:

Սակայն ճարտարապետական կառույցը կրկին մեծացնելու անհրաժեշտություն կար: Վերակառուցված ստադիոնը բացվեց 1955-ին, «Սան Սիրոն» այլևս կարող էր ընդունել 85 հազար երկրպագու, իսկ արհեստական լուսավորության խնդիրը լուծվեց 2 տարի հետո, դրանից 10 տարի անց ավելացավ էլեկտրոնային լուսատախտակը:

1979-ին «Սան Սիրոն» վերանվանվեց «Ջուզեպե Մեացա»: Կողմերը դրանով հարգանքի տուրք մատուցեցին իրենց ճամբարներում լեգենդար դարձած ֆուտբոլիստին, որն Իտալիայի հավաքականի հետ 1934-ին և 1938-ին նվաճել էր աշխարհի առաջնության գավաթը:

Քանի որ «Միլանի» տիֆոզիները չներեցին Մեացային «ոխերիմ մրցակցին» միանալու համար, մինչև օրս նախընտրում են «Սան Սիրո» անվանումը, իսկ «Ներաձուրիի» ֆանատներն օգտագործում են «Ջուզեպե Մեացա» տարբերակը:

1986-ին առաջին յարուսի նստարանները ներկվեցին կարմիր, որը նախատեսված էր «Միլանի» երկրպագուների համար, իսկ նարնջագույնն «Ինտերինն» էր: Կանաչ գույն ստացան հյուսիսային դարպասի հետևի տրիբունաները, իսկ կապույտով առանձնացված հատվածը նախատեսված էր ուլտրասի համար:

«Ջուզեպե Մեացան» վերջին անգամ վերակառուցվեց 1990-ի Մունդիալից առաջ, այդ ժամանակ կառուցվեցին 11 աշտարակները, որոնք աստիճաններով տանում էին հարկեր: Տանիքը պատրաստված էր թափանցիկ պոլիկարբոնատով: Վերակառուցման համար պահանջվեց 50 միլիոն ֆունտ, բայց հարկավոր էր լուծել նաև խոտածածկի խնդիրը: Նոր շինությունները փակել էին լույսը և կտրել էին քամու հոսքը:

1990-ի հունիսի 8-ին «Սան Սիրոյում» կայացավ Մունդիալի բացման արարողությունը, որից հետո գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը խաղաց Կամերունի հետ:

2008-ին ստադիոնը նորից վերանորոգվեց, քանի որ չէր համապատասխանում ՈւԵՖԱ-ի ժամանակակից ստանդարտներին, դրա արդյունքում նստարանների քանակը կրճատվեց՝ հասնելով 80.018-ի:

Այսօր «Սան Սիրոն» Միլանի խորհրդանիշերից մեկն է, ինչպես «Լա Սկալան», կամ Միլանի տաճարը:

Այստեղ միայն ֆուտբոլային հանդիպումներ չեն կայանում: Շատ հաճախ «Ջուզեպե Մեացան» ֆուտբոլը կիսում է երաժշտության հետ: 1980-ին Բոբ Մարլին ստադիոնում հավաքեց 90 հազար հանդիսական: Մի քանի տասնամյակի ընթացքում այստեղ եղել են Բոբ Դիլանը, «Ռոլինգ Սթոունզը», Մայքլ Ջեքսոնը, Ռոբի Ուիլյամսը, U2-ն և էլի շատ մեգաաստղեր:

Փոխվել են ժամանակները, այժմ «Միլանն» ու «Ինտերը» չեն ցանկանում մնալ մեկ տանիքի տակ: Երկու ակումբներն էլ իրենց գերժամանակակից նախագծերն ունեն: Քաղաքային իշխանությունը մի քանի տարի առաջ որոշեց քանդել ստադիոնը, բայց բազմաթիվ բողոքներից հետո որոշվեց այն ընդգրկել Յունեսկոյի մշակույթի համաշխարհային ժառանգության ծրագրի մեջ: Ակումբների հեռանալուց հետո «Սան Սիրոն» կվերածվի թանգարանի, իսկ մինչև այդ մնում է վայելել այստեղ բեմադրվող յուրաքանչյուր օպերա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ