Սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը գոհ է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացված աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքից։ Այդ մասին մարզիչը նշեց VNews-ի թղթակցի հետ զրույցում։
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 10 մարզիկով, որոնցից 8-ը մասնակցեցին մարզական, իսկ 2-ը՝ մարտական սամբոյի մրցումներին։ Առավել հաջող ելույթ ունեցան Դավիթ Գրիգորյանը (88 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), որոնք նվաճեցին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալ։
«Արդյունքը գնահատում եմ բավարար՝ հաշվի առնելով, որ սա մեծահասակների աշխարհի առաջնությունն էր, որն ավանդաբար ուղեկցվում է դժվար և անհաշտ պայքարով։ Մրցանակային ակնկալիք ունեինք նաև 98 կգ քաշային Արսեն Խանջյանից, որն այս անգամ, ցավոք, մնաց առանց մեդալի։
Դավիթ Գրիգորյանը հանդես եկավ իր հնարավորություններից բարձր։ Անցկացրեց չորս գոտեմարտ՝ բոլորն էլ բավականին ուժեղ մրցակիցների հետ։ Եզրափակիչի ճանապարհին արցախցի մարզիկը հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային, վրացի Պատա Ղվինիաշվիլիին և ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովին։ Վերջինիս նկատմամբ Դավիթը ռևանշի հասավ Եվրոպայի առաջնությունում կրած պարտության դիմաց։ Անկեղծ ասած, նույնիսկ չէինք սպասում, որ կհաղթի ադրբեջանցուն, որը ուժեղ սամբիստ է։ Եզրափակիչում Գրիգորյանը պարտվեց աշխարհի եռակի չեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Ռյաբովին։ Այդ գոտեմարտում պայքար, որպես այդպիսին, չստացվեց. Դավիթը, իր բոլոր ուժերը ներդնելով նախորդ գոտեմարտերում, չկարողացավ արժանի մրցակցություն ցուցադրել տիտղոսակիր մրցակցին։
Մաքսիմ Մանուկյանը նույնպես նորմալ ելույթ ունեցավ, թեպետ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Կարծում եմ՝ դրանում նշանակություն ունեցավ նաև ոչ ճիշտ մրցավարությունը։ Մաքսիմն ուներ եզրափակիչում գոտեմարտելու հնարավորություն։
Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանին չհաջողվեց արդյունավետ մրցել թուրքմեն մարզիկի հետ։ Արսենը երկու անգամ 2-միավորանոց հնարք բաց թողեց և չկարողացավ լրացնել միավորների տարբերությունը։ Նա ուներ ծնկի վնասվածք, որը խանգարեց ցանկալի արդյունք գրանցելուն։ Մեր մարզիկը փորձում էր գցում կատարել, բայց դա ոչ մի կերպ չէր ստացվում»,- նշեց մարզիչը։
Վովիկ Խոջայանը հայտնեց նաև, որ ֆինանսական գործոնով պայմանավորված առայժմ բաց է մնում դեկտեմբերի 1-ին Ռումինիայում անցկացվելիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը և դրանից շուրջ երկու շաբաթ անց Լիտվայում նախատեսված միջազգային մրցաշարին հայ մարզիկների մասնակցության հարցը։


