Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մարզական և մարտական սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց 20 մեդալ (1 ոսկե, 2 արծաթե, 17 բրոնզե)։ Այդ ցուցանիշով Հայաստանի հավաքականը 6-րդ տեղը գրավեց մեդալներ նվաճած 17 երկրների թիմային հաշվարկում։
Սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը VNews-ի հետ հարցազրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է հայ մարզիկների արդյունքներից։
- Ինչպես ե՞ք գնահատում երևանյան առաջնությանը Հայաստանի թիմի մասնակցության արդյունքը։
- Մեր մարզիկ-մարզուհիները նվաճեցին տարբեր հարգի 20 մեդալ։ Արդյունքը համարում եմ բավարար։
- Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն դարձավ միայն երիտասարդների 53 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Ռոբերտ Սիմոնյանը։ Ի՞նչ տպավորություններ ունեք նրա մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտից։
- Դա հավասար մրցակիցների անզիջում պայքար էր, որում Սիմոնյանը հաղթեց կամային որակների և աշխատասիրության շնորհիվ։ Ռոբերտը 0։1 հաշվով պարտվում էր ղրղզ սամբիստին, սակայն պայքարեց մինչև վերջ և վճռական պահին, հաջող կատարելով գցումը, հաղթանակ կորզեց։ Աշխարհի առաջնությանը մասնակցում են ուժեղագույնները. նման մրցաշարում հեշտ հաղթանակներ չեն լինում։
- Արծաթե մեդալներ նվաճեցին կադետների մինչև 49 կգ և երիտասարդների +98 կգ քաշային կարգերում ելույթ ունեցած Միհրան Սլոյանը և Էրիկ Սաղաթելյանը։ Ինչո՞վ են պայմանավորված եզրափակիչներում նրանց պարտությունները։
- Տղաները պատրաստ էին։ Մրցակիցները հաղթեցին ցավեցնող հնարքների շնորհիվ։
- Աչքի է զարնում բրոնզե մեդալների առատությունը։ 3-րդ տեղ գրաված հայ մարզիկները դեռ պատրա՞ստ չեն պայքարելու ավելի բարձր տեղերի համար։
- Պատրաստ են, ունենք խոստումնալից մարզիկներ։ Օրինակ՝ երիտասարդներից ավելի շատ ու ավելի բարձր կարգի մեդալներ էինք ակնկալում, սակայն սպորտում միշտ չէ, որ սպասելիքները լիովին արդարանում են։ Տղաներից շատերը զիջեցին նկատողություններով՝ հավասար պայքարում։
- Ինչի՞ն եք մտադիր ավելի մեծ ուշադրություն դարձնել հետագա մարզումների ընթացքում։
- Թերևս, պետք է ավելի մեծ տեղ հատկացնենք տակտիկական աշխատանքին և ցավեցնող հնարքների կիրառմանը։
- Ինչպիսի՞ն էր առաջնությունում մրցակցության մակարդակը։
- Կարող եմ ասել, որ կազմակերպչական առումով սա իմ մասնակցած աշխարհի լավագույն առաջնություններից ամենահաջողվածներից մեկն էր թե՛ տրանսպորտի, թե՛ սննդի, թե՛ ընդհանրապես մարզիկների սպասարկման առումով։ Ափսոս, որ շուրջ 20 երկիր էր ներկայացել։ Ուկրաինայում և մեր տարածաշրջանում լարված իրավիճակով պայմանավորված շատերը զերծ էին մնացել ժամանելուց, սակայն ուժեղագույնները հիմնականում մասնակցեցին։ Ասեմ, որ անգամ ավելի շատ թիմերի մասնակցության պարագայում մեր արդյունքն էապես չէր փոխվելու։ Այժմ պատրաստվելու ենք նոյեմբերի 10-14-ը Բիշքեկում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Հուսով եմ՝ դարձյալ մրցանակային ելույթներով կուրախացնենք մեր երկրպագուներին։