Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում (7-1) դառնալով հեթ-տրիկի հեղինակ, ռեկորդներ է սահմանել գլխավոր եվրագավաթում, հայտնում է Squawka-ն:
30-ամյա ֆուտբոլիստը ձևակերպել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկը՝ 3 գոլերը խփելով 6 րոպեում:
Սալահը Չեմպիոնների լիգայում հատել է 45 գոլի սահմանը: Այս ցուցանիշով նա շրջանցել է Լոնդոնի «Չելսիի» կոտդիվուարցի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային (44) և դարձել Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյունավետ աֆրիկացի ֆուտբոլիստը։
Եգիպտոսի հավաքականի առաջատարը նաև «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի թիվը հասցրել է 38-ի։ Սալահն այժմ Չեմպիոնների լիգայում գոլերի ռեկորդակիր է անգլիական թիմերի ֆուտբոլիստների շրջանում։
Եգիպտոսցին Չեմպիոնների լիգայում գերազանցել է Դիդյե Դրոգբայի և «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի ռեկորդը, որոնք գլխավոր եվրագավաթում 36-ական գոլ էին խփել անգլիական թիմերի կազմում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: