«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
«Այժմ ավելի շատ եմ շփվում Կլոպի հետ, քան նախկինում։ Անցնող ամիսներին մենք պարբերաբար նամակագրություն ենք ունեցել։
Նա ընտանիքիս որպիսությունն է հարցել, շնորհավորել է հաղթական խաղերի ու Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Նա նաև ասել է, թե երբ է ժամանելու Լիվերպուլ»,- եգիպտոսցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Յուրգեն Կլոպը մերսիսայդյան գրանդը մարզել է 2015-2024թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 489 խաղում տարել է 304 հաղթանակ, գրանցել 100 ոչ-ոքի, կրել 85 պարտություն, նվաճել 8 տիտղոս, այդ թվում՝ դարձել է Անգլիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող։ Գերմանացի մասնագետն այժմ զբաղեցնում է «Ռեդ Բուլին» պատկանող ֆուտբոլային ակումբների՝ միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։
Սալահը «Լիվերպուլում» Կլոպի գլխավորությամբ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է և 349 խաղում խփել է 211 գոլ, կատարել 88 ասիստ։