Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևին: Երեկոյան մրցահերթում Հովհաննիսյանը բրոնզե մեդալը կվիճարկի ճապոնացի Կիոտարո Սոգաբեի հետ:
Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել էր հոկտեմբերի 18-ին և որակավորման փուլում հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում 1-3 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանը 3 մեդալ էր նվաճել Մ23 ԱԱ-ում: Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել պայքարից: