Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան խոսել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ռուս Միրա Անդրեևայից կրած սենսացիոն պարտության պատճառների մասին։
«Ինձ համար բարդ էր ֆիզիկական առումով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում տառապում էի ստամոքսի ցավերից, այդ պատճառով ինձ համար շատ ծանր էր։ Արեցի հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթահարեմ դա»,- Սաբալենկայի խոսքը մեջբերում է WTA-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 17-ամյա Միրա Անդրեևան հաղթել էր 6-7, 6-4, 6-4 հաշվով ու դարձել վերջին 27 տարում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի կիսաեզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ մասնակիցը: Եզրափակիչի ուղեգիրը ռուս թենիսիստուհին կվիճարկի իտալացի Յասմին Պաոլինիի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 1) և Կորի Գաուֆը (ԱՄՆ, 3)։