Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է Բրազիլիայի թիմի խաղացողների վարքը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Իռլանդիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանին դուր չի եկել այն, որ Հարավային Կորեայի դեմ (4-1) 1/8 եզրափակիչի խաղում բրազիլացի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Տիտեն պարել են գոլերը տոնելիս:
«Երբեք չէի տեսել այդքան պարեր: Չեմ կարող հավատալ, որ տեսա այդ ամենը. դա, կարծես, «Պարեր աստղերի հետ» շոուն լիներ: Մարդիկ ասում են, թե դա իրենց մշակույթն է, սակայն, կարծում եմ՝ նման պահվածքը անարգանք է մրցակցի նկատմամբ: Բոլոր գոլերն այդպես նշելը չափից շատ է: Այդ ամենին միացավ նույնիսկ գլխավոր մարզիչը»,- Ռոյ Քինի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները դեկտեմբերի 9-ին կհանդիպեն Խորվաթիայի հավաքականին, որն ավելի վաղ կայացած խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ճապոնիային:


