Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (FSBR) գործկոմի նիստում ազատ և հունահռոմեական ոճերի, կանանց հավաքականների մարզիչներն ու Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած ըմբիշները համատեղ որոշում են կայացրել չմասնակցել Օլիմպիական խաղերին, հայտնում է կառուցի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանից ուղեգիր նվաճած 16 ըմբիշներից միայն 10 էր հնարավորություն տվել մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ի դեպ, ցուցակից դուրս մնացած ըմբիշները հավաքականների առաջատաարներից էին:
«Ֆեդերացիան, հավաքականների մարզիկներն ու մարզիչները տեղի չեն տա քաղաքական գործիչների պահանջներին և թույլ չեն տա կոտրել ռուսաստանյան թիմերի ոգին։ Մենք չենք ընդունում ոչ մարզական ընտրության սկզբունքը, որով առաջնորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ձևավորելով մասնակցության իրավունք ստացած մարզիկների ցուցակը։ Դրա նպատակը մեր թիմի միասնության սկզբունքի խաթարումն է»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում գործող օլիմպիական չեմպիոնը ռուսաստանցի Մուսա Եվլոևն է, որը Տոկիոյում եզրափակիչում հաղթել էր Ռիո-2016-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: