Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Իվան Շաբարովը խոսել է «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականն ընտրելու մասին: Շաբարովը պատմել է, թե ինչպես է Հարությունյանը որոշում կայացրել ու Հայաստանի քաղաքացիություն ստացել։
«2023-ի ձմռանը Ժորան նախապես զանգեց ինձ ու ասաց, որ որոշում է կայացրել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում: Որոշումը նա հիմնավորեց նրանով, որ այնտեղ միանգամից կարող է ելույթ ունենալ ազգային թիմում, այլ ոչ թե երիտասարդական հավաքականում: Մենք հարգեցինք նրա որոշումը, քանի որ այստեղ նման բան նրան ոչ ոք չէր խոստացել»,- մարզիչի խոսքը մեջբերում է «TACC»-ը։
Հիշեցնենք, որ Գեորգի Հարությունյանը խաղացել է Ռուսաստանի Մ16, Մ17 և Մ18 տարեկանների հավաքականներում: Նորամուտը Հայաստանի հավաքականում 19-ամյա ֆուտբոլիստը նշել է 2023 թվականի մարտին: Այս օրերին պաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է տարվա առաջին խաղերին։ Մարտի 22-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի հետ, իսկ 4 օր անց Պրահայում կմրցի չեխերի դեմ։


