Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում սերբական «Բաչկա Տոպոլայից» կրած 3-4 հաշվով պարտությանը։
«Առաջին հերթին շնորհավորում եմ «Բաչկա Տոպոլային» փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ Մենք շատ լավ սկսեցինք, շատ-շատ լավ։ Շատ ուժեղ պահեր ստեղծեցինք։ Մենք խփեցինք շատ գոլեր, բայց կարող էինք խփել ավելի շատ։ Եթե մենք հաղթեինք 4-1 հաշվով առաջին խաղակեսում, դա ավելի արդար կլիներ։ Այնուհետև, երկրորդ խաղակեսում նույնպես մենք շատ ուժեղ սկսեցինք։ Մենք դարձրինք հաշիվը 3-1, հետո հնարավորություն ուներ Չինարին դարձնելու 4-1: Մենք չխփեցինք այդ գոլը ու եղավ 11-մետրանոց, որից հետո մեր թիմը, կարծում եմ՝ կոտրվեց, և «Բաչկա Տոպոլան» օգտագործեց իր հնարավորությունները»,- նշել է պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» 6 խաղում հավաքել էր 4 միավոր, գրավել 31-րդ տեղն ու դուրս մնացել պայքարից։


