Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Ղազախստանի թիմի դեմ Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի վերջին տուրում կայանալիք հանդիպման մասին:
«Կարևորը վնասվածքներ և որակազրկված ֆուտբոլիստներ չունենք։ Նախապատրաստական փուլը լավ է ընթանում։ Հանդիպումն ամեն ինչ ցույց կտա։ Բոլոր սցենարներին պատրաստ ենք։ Մի փոքր մարզական բախտ է պետք։
Մարզչական շտաբի և ֆուտբոլիստների մոտ լարվածություն չկա։ Վստահ ենք մեր ուժերի վրա և վերջին եզրափակիչին գնում ենք այն հույսով, որ հաղթելու ենք։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար, քանի որ ոչ-ոքիի համար պայքարելիս միշտ պատժվում են։ Թիմը գիտակցում է, թե ինչի է գնում»,- նշել է Նազարեթյանը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընտրական 6-րդ խմբում վերջին տուրից առաջ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմին գերազանցում է երեք միավորով:
Վերջին տուրում նույնիսկ ոչ-ոքի արդյունքը Հայաստանի հավաքականին կպարգևի Եվրոպայի առաջնության ուղեգիր: Երկրորդ տեղ նահանջելու դեպքում Նազարեթյանի թիմն ուղեգրի համար կպայքարի փլեյ-օֆֆում:
Հայաստան - Ղազախստան վճռորոշ խաղը կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում (մարտի 12, 19:00):