***
Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում,
Սիրելի կանայք թողնում-գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում:
***
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար:
***
Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ
Իմ սարքած զնդանում:
***
Իմ տունն անիվների վրա
Կգլորվի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա
Իմ տունն անիվների վրա:
***
Ես ունեմ տարբեր երգեր՝
Իմ կյանքից պոկված դեպքեր,
Սա իմ կյանքն է, ի՛մ ընկեր,
Որ փորձում եմ ես երգել:
***
Որքան արագ է պտտվում
Այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում
Մեր ապրելու լավ ժամանակը:
***
Մի օր պոկվեց-թռավ
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Չվեց դեպի հավերժությունը:
***
Ինձանից էլ ջահել իմ պապերը
Հրաժեշտ չտված հեռացան,
Վշտի մեջ էլ հպարտ իմ տատերը
Հանկարծ մի գիշերում ծերացան:
***
Ինձ կյանքում խաբեցին ընկերներս,
Իսկ հետո սուսուփուս հեռացան,
Ի՜նչ ափսոս՝ երգեցի ես երգերս
Լոկ նրանց, ովքեր ինձ մոռացան:
***
Անհասցե մի նամակ գրեցի
Ու նամակս քամուն հանձնեցի,
Որ կորչի պատմությունն այս անհետ
Ու երբեք չգա հետ:
Բայց քամին անառակ,
Իմ կամքին հակառակ,
Պատմությունն այս բերեց
Ու դեմքիս շպրտեց:
***
Ես անցյալս ջնջել փորձեցի
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա:
Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի-կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ
Շատ երկար ժամանակ:
***
Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա
Տղերքը հերթով ինձ այցի կգան,
Ասացե՛ք նրանց՝ թող չմոռանան,
Որ մի լավ հարբեն ուշ երեկոյան:
Աղջիկները թող արցունք չթափեն,
Հորիզոնական դիրքով երբ տեսնեն.
Չէ՞ որ դիրքը այդ հայտնի է նրանց,
Նրանց հուշերում ես կապրեմ պառկած:
***
Թող փառաբանվի անունը Նրա,
Ում երգարանից երգեր գողացա,
Կյանքի մատյանից դասերն իմ առա,
Ում ներշնչանքով թաքուն հիացա:
***
Միայն դու չտխրես ու լաց չլինես,
Օրերը տխուր կանցնեն-կգնան,
Քամիները չար, քամիները ցուրտ
Կխփեն դեմքիդ ու կհեռանան:
Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա
Եվ հուշի նման քեզ այցի կգա,
Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն,
Ո՞ւր ես դու գնում, ի՛մ թափառական:
***
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից…
***
Եվ իջավ լռություն, ու թաղվեց խավարում
Իմ սիրտը.
Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար,
Դու չեկար,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ,
Որոշեցի ինքս քեզ մոտ գալ:
Դու՝ երազ իմ անհաս, իմ ցնորք իրական,
Որ հեռվում
Ինձ կանչում ես քեզ մոտ,
Ինձ կանչում ես քեզ մոտ
Ու կորչում,
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից:
Երբ քեզ կանչում եմ,
Արձագանք ես տալիս:
Ընկերներս կորան անցյալի մշուշում
Ու չկան, ու չկան,
Աղջիկներ գեղեցիկ, որոնք իմն են եղել,
Էլ չկան, էլ չկան,
Միայն դու մնացիր,
Իմ ցնո՛րք իրական,
Միայն մենք մնացինք՝
Իրար դեմ-հանդիման:
Ու որքան մոտենում,
Ես այնքան հեռանում եմ քեզնից,
Դու՝ երազ իմ անհաս,
Իմ ցնո՛րք իրական,
Փախչում ես ինձանից,
Երբ քեզ մոտենում եմ,
Հեռանում ես, փախչում ինձանից,
Երբ քեզ կանչում եմ,
Արձագանք ես տալիս:
***
Քո ճամփան՝ այնքան պարզ
Ու այնքան արևոտ,
Իմ ճամփան ծուռումուռ
Ու մի քիչ անձրևոտ:
Դու սիրում ես նայել
Օրվա բաց աչքերին,
Ես միայն հավատում եմ
Գիշերն աստղերին:
Դու ասում ես, որ գիշերը
Հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում
Ու փնտրում եմ երգեր:
Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելի՛ս:
***
Օրերը անցնում են՝
Հրելով մեկմեկու,
Մեկ-մեկ՝ բութ, ձանձրալի,
Մեկ-մեկ՝ լուռ, ահարկու…
Գաղտնիքներն իմ սրտի
Ես ո՞ւմ եմ պահ տալու,
Առանց քեզ աշխարհում
Ես ո՞նց եմ ապրելու:
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, սրտակի՛ց բարեկամ,
Ա՜խ, կիթա՛ռ, կիթա՛ռ, իմ ընկե՛ր իսկական:
***
Երջանկությո՛ւն, անցի՛ր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել:
Դու գալիս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը:
Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես:
***
Կեսգիշերը հյուսել է պարանը,
Լուսնեղջյուրը կախել երկնքից,
Ո՞վ շարժեց արծաթե վարագույրը,
Ո՞ւմ շշուկն արթնացրեց ինձ նորից:
Կեսգիշերը վառել է ջահերը,
Հեռացել են հյուրերը տանից,
Դատարկվել են բոլոր գավաթները,
Էլ չունեմ թասընկեր կարեկից:
Կեսգիշե՛ր, ե՛կ՝ հարբենք
Ու խոսենք բացակա տղերքից,
Ում Աստված շատ սիրեց
Եվ նրանց բաժանեց մեզանից:
Ինչ-որ մեկը պոկեց վարագույրը,
Ու լսվեց կրակոց անկյունից,
Խնայեց այս անգամ էլ ինձ մահը,
Կեսժպիտ հեռացավ ինձանից:
***
Ամեն ինչ շուտ կանցնի,
Ինչպես ներկայացում,
Լույսերը կվառվեն,
Ամբոխը կցրվի,
Միայն դու, դու կմնաս
Դատարկ-դատարկ բեմում,
Ինչպես մի ծաղրածու,
Որին ծափահարել են:
Քեզ ոչ ոք չի հիշի,
Ոչ ոք չի մոտենա,
Նրանք, ովքեր քեզ պետք են,
Վաղուց արդեն չկան:
***
Կորան, կորան, կորան
Բոլոր ուրախ օրերդ,
Մտերիմ ընկերներդ,
Վաղուց արդեն չկան:
Բոլոր ուրախ օրերդ,
Մտերիմ ընկերներդ,
Հավատարիմ կանայք
Վաղուց արդեն չկան:
***
Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից:
Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան:
Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից:
Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից,
Թելը պոկվում է, նա թռչում է
Ու հեռանում է մեզանից:
***
Երազանքս քեզ նման քնքուշ աղջիկ էր,
Նա ուներ խենթ փայլը աչքերիդ,
Գարնան առավոտվա պես անուշիկ էր,
Ու դեմքին՝ գաղտնիքը հայացքիդ:
Լճակի խորքում վառվում էին աստղերը,
Այնտեղ, ուր վտառներն են ձկների,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Ով ինձ խենթացրեց կեսգիշերին:
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր, քո գործած ուռկանը բե՛ր,
Լճակի հայելում ջրահարս է հայտնվել,
Կեսգիշե՜ր, կեսգիշե՜ր:
Երազանքս՝ իմ թաքուն երջանկությունն էր,
Որ դու այրեցիր կեսգիշերին,
Լոկ մի ճիչ, իսկ հետո լռություն էր,
Ու ցրվեց վտառը ձկների:
Լճակի խորքում մեռնում էին աստղերը,
Քամին փշրել էր լճի հայելին,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Տեսա ու կորցրի կեսգիշերին:
***
Դու կարծում ես՝ այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ-հատիկ:
Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած:
Ո՞ւմ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված:
Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած:
***
Բայց կանցնեն այս օրերը ուրախ,
Կսահեն ժպիտները քո մեղմ,
Հովի պես իմ հոգին շոյելով, կկորչեն:
Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա,
Եվ հեքիաթն անիմաստ ու անմիտ կթվա,
Ու անմիտ կթվա քո աչքին:
Երջանիկ այս պահերն իմ, Աստվա՛ծ,
Ես գիտեմ, թե ինչու ես տվել.
Որ դրանք մեզանից դու խլես, դրանց տեղ
Բաժանես կարոտներ:
Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում,
Թափառում ու փնտրում…
Թափառում ու փնտրում են իրար:
***
Երբ գիշերն է իջնում մեզ վրա,
Մեր աչքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզնից հեռանում
Ու փնտրում են իրար:
***
Սերն իմ՝ իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, ի՛մ անգին,
Նրան դեմ է ելել չար քամին,
Բայց թռչում է դեռ իմ աղավնին:
Հույսն իմ՝ իմ սպիտակ աղավնին,
Մոլորվել է օդում, ի՛մ անգին,
Ա՜խ, թևերը հոգնել են նրա,
Վախենամ, թե նա քեզ չհասնի:
Բայց թռչում է դեռ իմ աղավնին,
Քամու դեմ կռվելով, ի՛մ անգին,
Ու ինչքա՜ն էլ փչի չար քամին,
Նա կիջնի քո քնքո՜ւշ ձեռքերին: