«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարություն է տարածել իր ապագայի վերաբերյալ վերջերս շրջանառվող խոսակցությունների մասին:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Ռոնալդուն ու «Յուվենտուսը» վստահ չեն, որ ցանկանում են շարունակել համագործակցությունը: Օգոստոսի 17-ի գիշերն էլ El Chiringuito-ի եթերում հաղորդվեց, թե Ռոնալդուն մոտ է «Ռեալ» վերադառնալուն: Գործարքը ցանկանում է կայացնել «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Նրանք, որոնք ինձ ճանաչում են, տեղյակ են, թե ես որքան կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա: Ավելի քիչ խոսել, ավելի շատ գործել. սա իմ կարգախոսն է եղել մարզական կարիերայիս սկզբից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն ամենը, այն խոսակցությունները, որ շրջանառվում են, ես պետք է հայտնեմ իմ դիրքորոշումը:
Ավելի քան անհարգալից վերաբերմունք է իմ՝ որպես տղամարդու ու որպես խաղացողի նկատմամբ: Իմ ապագայի վերաբերյալ քննարկումների՝ անլուրջ ձևով լուսաբանումն անհարգալից վերաբերմունք է այն բոլոր ակումբների, նրանց անձնակազմի ու խաղացողների հանդեպ, որոնք ներգրավված են շրջանառվող խոսակցություններում:
«Ռեալում» իմ պատմությունը գրված է: Այն գրանցված է, գրանցված է բառերով, թվերով, ռեկորդներով, գավաթներով ու գլխագրերով: Այդ ամենը գտնվում է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի թանգարանում ու «Ռեալի» յուրաքանչյուր երկրպագուի մտքում: Ես գիտեմ, որ «Ռեալի» իսկական երկրպագուները կշարունակեն ինձ պահել իրենց սրտերում, իսկ ես կպահեմ նրանց իմ սրտում:
Ու ինչպես Իսպանիայում հաճախակի շրջանառվող տեղեկությունները, այնպես էլ այս դրվագը, որով կապում են ինձ տարբեր լիգաների բազմաթիվ ակումբների հետ, երբեք իրական ճշմարտությունը պարզելու փորձեր չեն եղել:
Հիմա ես խախտում եմ լռությունս՝ ասելով, որ չեմ կարող թույլ տալ, որ մարդիկ շարունակեն խաղալ իմ անվան հետ: Ես շարունակում եմ կենտրոնացած մնալ իմ կարիերայի ու աշխատանքի վրա՝ նվիրված ու պատրաստ բոլոր այն մարտահրավերներին, որոնց ես պետք է դիմակայեմ: Մնացա՞ծը… Մնացածն ուղղակի խոսակցություններ են»,- գրել է Ռոնալդուն:

