Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում տպավորիչ ելույթին ու եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն։
«Մենք լավ ենք խաղում՝ հաղթելով բոլոր խաղերում։ Չեմ հիշում ավելի հեշտ ընտրական փուլ մեր հավաքականի պատմության մեջ։ Սակայն չեմ օգտագործի «հեշտ» բառը, քանի որ հենց մենք ենք այդպիսին դարձրել այն։
Չեմ կիսում այն կարծիքը, որ մեզ բաժին է հասել հեշտ խումբ։ Պորտուգալիան հաղթահարել է այն լավ խաղի շնորհիվ։ Մենք ունենք հրաշալի թիմ ու մարզիչ, և արժանի էինք այս հաջողությանը։ Այս ամենը պատահականություն չէր»,- Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Record-ը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի J խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը 7 խաղում տարել է նույնքան հաղթանակ և ապահովել ուղեգիր։ Ընտրական փուլում Ռոնալդուն խփել է 7 գոլ և ռմբարկուների ցուցակում զիջում է միայն բելգիացի Ռոմելու Լուկակուին (9 գոլ)։